Դաշնակցային հարաբերությունների բանալին

Ընտրություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին արտասահմանյան այցերը Մոսկվա և Բրյուսսել էին: Դիվանագիտության մեջ այս այցելություններին մեծ կարևորություն է տրվում: Դրանք յուրահատուկ ուղերձներ են փոխանցում: Սերժ Սարգսյանը նույնպես շատ հստակ ցույց է տալիս իր նախագահության երկրորդ ժամկետի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Առաջինը Ռուսաստան, հետո՝ Եվրոպա:

ԱՄՆ նախագահ Օբաման իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը սկսեց Իսրայել այցով: Հետաքրքիր է, որ նա ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջին անգամ է Իսրայելում: Ընդհանրապես, Օբամայի նախագահության առաջին շրջանը նշանավորվեց ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների որոշակի լարվածությամբ:

Այցը եռօրյա է, բայց քաղաքական ճեղքումներ նրանից չեն սպասվում: Թեև քննարկվելու են Իրանի միջուկային սպառնալիքները, արաբա-իսրայելական հակամարտությունը, Սիրիական ճգնաժամը, սակայն իրականում սա մաքուր խորհրդանշական, որևէ նոր առաջարկ և լուծում չպարունակող այց է: Գլխավոր խնդիրը հարաբերությունները պատշաճ աստիճանի վերականգնելն է:

Իսրայելը հատուկ տեղ ունի ԱՄՆ քաղաքականության մեջ: Դրա մասին խոսեց նաև Օբաման՝ կրկին հաստատելով Հրեական պետության անվտանգությունն ապահովելու պարտավորվածությունը. «Ես համոզված եմ, որ մեր միությունը հավերժ է»: ԱՄՆ նախագահը նշեց, որ հպարտ է ներկայացնելու ԱՄՆ-ին՝ Իսրայելի ամենաուժեղ և հավատարիմ դաշնակցին: Իսրայելի վարչապետն իր հերթին շեշտեց, որ Ամերիկայի կողմից Իսրայելին աջակցելու քաղաքականությունը աննախադեպ է և բազմազան, և երկկողմ համագործակցությունն ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները:

ԱՄՆ-Իսրայել կապը շատ բաներով նմանություններ ունի Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների հետ: Երկու դեպքում էլ հզոր գերտերությունը ռազմավարական դաշինք ունի անավարտ հակամարտության և թշնամական հարևանների շրջափակման պայմաններում գոհատևող անհամեմատ փոքր և բնական ռեսուրսներով աղքատ, սակայն ուժեղ և հաղթանակած բանակով և գերտերության տարածքում բնակվող մեծաթիվ Սփյուռք ունեցող պետության հետ:

Հասկանում եմ, որ չափազանց շատ եմ պարզեցնում իրավիճակը և այդ թվացյալ բազմաթիվ նմանություններում նաև լուրջ տարբերություններ կան: Նույնը չեն նաև գերտերությունները, իրենց ընկալումներով և գործընկերների նկատմամբ վերաբերմունքով: Սակայն իմ խորին համոզմամբ, մերձավորարևելյան դաշնակցի հետ ԱՄՆ քաղաքականության ֆունդամենտալ կապը ամերիկյան հասարակությունում հրեության մեծ դերն է, քանի դեռ ամերիկյան հասարակությունն ընկալում է հրեական արժեքները (մշակույթը, տոները, սովորույթները, ողբերգությունը՝ Հոլոքոստը), իբրև սեփական քաղաքակրթության անքակտելի մաս: Եվ խոսքը այստեղ էլիտայի մասին չէ, թեև իհարկե դա էլ է կարևոր (ԱՄՆ քաղաքական, մշակութային, մեդիա, տնտեսական էլիտայում հրեական ազդեցությունը զգալի է), այլ հասարակ ամերիկացու ընկալման, որը շատ սովորական է համարում իր սեփական քաղաքում հրեական դպրոցների առկայությունը, կամ հրեական Հանուքքայի համապետական տոնումը: Սա ուղղակիորեն ազդում է նաև հրեական հայրենիքի՝ Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի վրա:

Ռուսաստանում հայ համայնքը, ունենալով նույնչափ սերտ կապեր հայրենիքի՝ Հայաստանի հետ, չկարողացավ կամ չցանկացավ հայկական ազդեցություն կամ նշանակություն ձևավորել ռուսական ո՛չ վերնախավում, ո՛չ հասարակությունում: Մշակութային ներգործությունը կամ գիտական նշանակությունը, որի համար խորհրդային տարիներին այդքան լավ հիմքեր էին դրվել, փոշիացվեց: Այն մնաց ապրիլ 24-յան միջոցառումների և Կրեմլի Մեծ դահլիճում անցկացվող երաժշտական մրցանակաբաշխությունների մակարդակում:

Պատկերացնո՞ւմ եք՝ Ռուսաստանի նախագահը ընտրություններից հետո առաջինը գա Հայաստան: Ես չեմ պատկերացնում, թեև շատ կուզենայի: