Սիրիան լքող հայերը պետք է մտածեն հետևանքների մասին. Ժ. Ռեյիսյան

Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակն առայժմ անկայուն է: Այս մասին այսօր ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասաց Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը:

«Հաճախ լսվում են կրակոցների, ռմբակոծությունների ձայներ, սակայն հայկական թաղամասերում ընդհարումների ուղղակի գործողություններ տեղի չեն ունենում»,- ասաց Ռեյիսյանը՝ հավելելով, որ հայկական թաղամասերը սակայն երբեմն հրթիռակոծվում են:

Խոսելով սննդի, դեղորայքի անհրաժեշտության մասին՝ Ռեյիսյանը նշեց, որ երկրում տիրող գնաճը Սիրիայի բնակիչներին տնտեսական լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել:

«Սննդի հայթայթման խնդիր չկա. նախապատերազմական վիճակի հետ, իհարկե, չենք կարող համեմատել, սակայն ժողովուրդը սովի մեջ չէ»,- ասաց Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակը:

Անդրադառնալով հայկական համայնքի ղեկավարության և անդամների վերաբերմունքին երկիրը լքող հայերի նկատմամբ՝ Ռեյիսյանը նշեց, որ երկրից հեռացող հայերն առաջինը իրենք պետք է մտածեն Սիրիայից հեռանալու հետևանքների մասին:  

«Խուճապ չկա, որ որևէ մեկը փախչելու մասին մտածի: Մենք կրկին նշում ենք, որ համայնքն իր զավակներին տեր-տիրական է»,- ասաց նա:

Խոսելով մեկ շաբաթ առաջ Հալեպի Նոր գյուղ թաղամասում սիրիական վարչակարգի զորակցության համար կազմակերպված ցույցի և դրան մասնակցող հայերի մասին՝ նա նշեց, որ ցույցն իրականացվել է ոչ միայն Նոր գյուղում, ինչպես ներկայացնում են լրատվամիջոցները, այլև մյուս թաղամասերում: Ընդ որում, ցույցին մասնակցել են քիչ թվով հայեր, և սխալ է դրա կազմակերպումը հայերին վերագրելը:

«Պետությունը թաղամասերի պաշտպանության նպատակով ստեղծել է պաշտպանական ուժեր և զինել նրանց: Պաշտպանական ուժերի շրջանում եթե կան հայեր, ապա նրանց համայնքային ներկայացուցչությունը կամ ղեկավարությունը չի նշանակում: Այդ հայերը պաշտպանական ուժերում ընդգրկվել են իրենց ցանկությամբ, և նրանց թիվը մեծ չէ»,- ասաց Ռեյիսյանը:

Նրա խոսքով` միութենական և համայնքային դպրոցները դեռ գործում են, իսկ  ազգային վարժարանները ներկայում, անվտանգության նկատառումներից ելնելով,  գործում են Գալուստ Կյուլպենկյան վարժարանի շենքում: Ռեյիսյանը նաև նշեց, որ չնայած Հալեպից հայերի տեղափոխման պատճառով աշակերտների թիվը կրճատվել է, սակայն աշակերտները բնականոն հունով շարունակում են հաճախել դպրոց:

Անդրադառնալով տարածված այն լուրերին, թե ներկայում Հալեպը բաժանվել է երկու մասի՝ նա նշեց, որ քաղաքի որոշ շրջաններ վերահսկվում են ընդդիմադիր ուժերի կողմից, իսկ որոշները՝ իշխանության կողմից: Նա հավելեց, որ այս պահի դրությամբ կենտրոնական շրջանները վերահսկվում են պետության կողմից: