Շրջայց Քանաքեռ-Զեյթունում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցը մեկնարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրի շրջանակում ընթացող բակային տարածքների բարեկարգման շինհրապարակներ այցով. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: Քանաքեռ-Զեյթունում ևս քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով համալիր բարեկարգման ծավալուն աշխատանքների շրջանակում բակերը կապահովվեն զրուցարաններով, նստարաններով, կկահավորվեն խաղային ատրակցիոններով, ինչպես նաև մարզագույքով:

Բակային բոլոր տարածքներում պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել կառուցապատման նախագծերն ու ընթացող աշխատանքների մանրամասները:

Ռուբինյանց 4 և 4 Ա շենքերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ տասնյակ տարիներ անխնամ մնացած բակերը համալիր բարեկարգելու նախաձեռնության համար: Քաղաքապետն էլ բնակիչներին վստահեցրել է, որ առաջիկա տարիների ընթացքում բարեկարգ ու հարմարավետ կդառնան երևանյան բոլոր բակերը: Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է բակերում, հետևել կատարվող աշխատանքների ընթացքին:

Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում վերակառուցման աշխատանքներ էին ընթանում նաև Դրոյի 26 շենքի բակային տարածքում: Բնակիչների հավաստմամբ՝ բարեկարգվող բակը անխնամ է եղել դեռ խորհրդային տարիներից սկսած: Նրանք գոհունակություն ու շնորհակալություն են հայտնել քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի փոփոխությունների համար:

Օգտվելով առիթից՝ բնակիչները Տարոն Մարգարյանին են ներկայացրել նաև բակերի բարեկարգման հետ կապված իրենց առաջարկները, որոնք հենց տեղում քաղաքապետի հանձնարարությամբ ներառվել են ծրագրում:

«Քաղաքապետարանը որդեգրել է հստակ քաղաքականություն: Թե՛ այգիների և պուրակների կառուցման և թե՛ բակերի բարեկարգման հարցում մենք միշտ հաշվի ենք առնում մեր բնակիչների առաջարկներն ու մոտեցումները: Հաճախ հենց տեղում լսելով նրանց առաջարկները՝ նախագծերում որոշակի փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի կատարած աշխատանքը նախ և առաջ բնակիչների սրտով լինի ու ծառայի նրանց: Մի բան հստակ է. այն ամենը, ինչը կառուցվում է այսօր Երևանում, երևանցիների հարմարավետության ապահովման համար է»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը տեղում վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է առավել հետևողական լինել բնակիչների կողմից բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու հարցում:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Դրոյի 8-10 շենքերի բակ, որը բոլորովին վերջերս է հանձնվել բնակիչների տնօրինմանը: Վառ գույներով ձևավորված բակի տեղում, ինչպես բնակիչներն էին նշում, նախկինում ամայի ու անխնամ տարածք էր:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Պարույր Սևակի 1/2 շենքի բակում ընթացող ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն ամռանը ֆուտբոլասեր փոքրիկների տնօրինմանը կհանձնվի խաղադաշտը՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով: Առողջ ապրելակերպին ուղղված տարբեր ծրագրերն ու միջոցառումները նույնպես քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ծրագրային առաջնահերթություններից են, և բակերի համալիր բարեկարգման ծրագրերում այս տարի ևս առանձնակի ուշադրություն է դարձվել նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցմանն ու բակերում մարզական գույքի ավելացմանը:

«2013թ.-ին մենք շահագործման կհանձնենք ֆուտբոլի 18 փոքր խաղադաշտեր: Անցած երեք տարիների ընթացքում մենք շահագործման ենք հանձնել ֆուտբոլի շուրջ 60 փոքր խաղադաշտ: Աշխատանքները լինելու են շարունակական, և առաջիկա տարիներին մենք փորձելու ենք ընդլայնել ծրագիրը, ինչն իր հերթին կնպաստի նաև ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը: Այս տարի, խաղահրապարակներին զուգահեռ, բակային տարածքները կկահավորենք նաև մեծ քանակությամբ մարզասարքերով, ինչն իր հերթին կնպաստի մայրաքաղաքում առողջ ապրելակերպի խթանմանը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մեկնաբանել