Վարչապետը մանրամասնել է ID քարտերի հետ կապված վիճակը

Կառավարության հինգշաբթի օրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է պետական կառույցների և մասնավոր հատվածի կողմից օրենքի պահանջի խախտման այն դեպքերին, երբ նույնականացման (ID) քարտ ունեցող քաղաքացիներից պահանջվում են նաև անձնագրեր։ Մյուս կողմից՝ օրենքը խախտում է ինքը՝ կառավարությունը։ Թեև ID քարտ ստանալը Հայաստանում կամավոր է, գործադիրը 270 հազ. քաղաքացու պարտադրում է նման քարտ ունենալ։ «Կամավոր պարտադիր» սկզբունքը գործում է հանուն լեհական PWPW S.A. ընկերության, որը և պատրաստում է այս քարտերը։

Մարտի 21-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր կենսաթոշակային ապահովագրական համակարգը, և ենթադրվում է, որ շուրջ 270 հազ. քաղաքացիներ վճարումներ կիրականացնեն իրենց անհատական հաշիվներին, և նրանք իրավունք ունեն ստանալ տեղեկատվություն, թե հաշիվների վրա ինչքան գումար է կուտակվել, և պետությունն ինչպես ու ինչ ծավալով է ավելացրել իրենց գումարները։ «Դա ենթադրում է, որ նրանք կարող են օգտվել իրենց նույնականացման՝ ID քարտերով»,– ասել է վարչապետը՝ հավելելով, թե կենսաթոշակային բարեփոխումների ներքո դեպոզիտարիայի մուտքը միայն նույնականացման քարտով է հնարավոր՝ անվտանգությունն ապահովելու համար։

Թեև «Նույնականացման քարտերի մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ քաղաքացին ID քարտ ստանում է կամավոր, պարտադիր կուտակային համակարգում ընդգրկվելիք 270 հազ. քաղաքացիների համար դրանք պարտադիր են լինելու։ Իհարկե, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան» դրանց առկայությունը բացատրում է անվտանգության նկատառումներից ելնելով. անհասկանալի է միայն, թե ինչու է Հայաստանում տեղայնացվում անհատական հաշիվների վարման էստոնական համակարգը, որը ենթադրում է ID քարտի առկայություն։

Ստեղծվում է մի իրավիճակ, երբ մասնավոր ընկերության ներդրած համակարգը հակասում է օրենքին։ Տեղայնացվող համակարգում, ամենայն հավանականությամբ, հնարավոր է գտնել տեխնիկական լուծումներ և վերացնել ID քարտի առկայության անհրաժեշտությունը։ Սակայն սա չի բխում կառավարության շահերից։

Կառավարության կողմից ID քարտերի «կամավոր պարտադիր» սկզբունքի կիրառումը իրականում պայմանավորված է նրանով, որ դրանց ներդրումը դանդաղ է ընթանում։ Ըստ Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանի՝ նույնականացման քարտ ստանալու դիմում են ներկայացրել 64 հազ. քաղաքացի, 62 հազ. քարտ արդեն տրամադրվել է։ Եթե հաշվի առնենք, որ նույնականացման քարտերի զգալի մի մասը տրվել է պարտադիր սկզբունքով (այս տարվա հունվարի 1-ից էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համար տնտեսավարող սուբյեկտների համապատասխան պաշտոնատար անձինք պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն և նույնականացման քարտ), ապա ստացվում է, որ քաղաքացիների շրջանում ID քարտերը մեծ տարածում չեն գտել։

Կառավարության կողմից ID քարտերի պարտադրումը առաջին հերթին պայմանավորված է հանգամանքով, որ գործադիրը պարտավորություններ ունի լեհական PWPW S.A ընկերության առջև։ Հայաստանում ID քարտերի և կենսաչափական անձնագրերի համակարգի գործարկման, փաստաթղթերի տպագրման աշխատանքների կազմակերպման և ներդրման նպատակով հայտարարված մրցույթում հաղթել էր հենց այս ընկերությունը, որի հետ կառավարության անունից պայմանագիր էր կնքել ոստիկանությունը։
Պայմանագրով կառավարությունը պետական բյուջեից ծախսումներ չի կատարելու, գումարը վճարվելու է կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի դիմաց վճարվող պետական տուրքերից: Պարզ ասած՝ որպեսզի ID քարտերի արժեքը կազմի Դ3 հազ. (ID քարտի տրամադրման պետտուրքի չափ), լեհական ընկերությանն անհրաժեշտ է պատվիրել որոշակի քանակություն, որի ավելացման կամ կրճատման դեպքում փոխվում է նաև ինքնարժեքը՝ հաշվի առնելով հաստատուն ծախսերի հանգամանքը։

Քաղաքացիների կողմից ID քարտերի նկատմամբ ցածր հետաքրքրությունն ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ։ Նախ՝ ID քարտ ստանալու համար քաղաքացին պետք է վճարի Դ3 հազ., իսկ երկրից դուրս գալու համար՝ նաև կենսաչափական անձնագիր ունենա, որի արժեքը կազմում է Դ25 հազ.։

Քարտերի ներդրման գործընթացի մյուս խնդիրն այն է, որ պետական գերատեսչությունները, նոտարները, բանկերը, ID քարտ ունեցող քաղաքացիներից պահանջում են նաև անձնագրեր, ինչն օրենքի խախտում է։ ID քարտում քաղաքացու հաշվառման վայրը գրված է էլեկտրոնային կրիչի վրա, որպեսզի այն հնարավոր լինի ընթերցել, անհրաժեշտ է ունենալ դրանք կարդացող սարքեր։ Ծառայություն մատուցողները նման սարքերը ներդնելու փոխարեն քաղաքացիներին պարզապես ստիպում են ներկայացնել անձնագիրը։

Կառավարության նիստին Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև այս խնդրին։ «Չնայած այն հանգամանքին, որ մենք օրենսդրությամբ սահմանել ենք, որ ID քարտը կարող է փոխարինել անձնագիրը, բայց բազմաթիվ օղակներում քաղաքացուց, բացի ID քարտից, պահանջում են անձնագիր, ինչը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին»,– նշել է վարչապետը։ Ըստ նրա՝ մինչև տարեվերջ պետք է որակապես փոխվի իրավիճակը, և ենթակառուցվածքները պատրաստ լինեն քաղաքացիներին սպասարկել ID քարտերով։ «Օրինակ՝ նոտարները պետք է աշխատեն իրենց հետ, որպեսզի իրենք այդ քարտերը կարդացող սարքեր տեղադրեն և քաղաքացուն չուղարկեն անձնագրի հետևից։ Եթե օրենսդրությունը պահանջում է, որ եթե քաղաքացին ներկայացնում է նույնականացման իր քարտը, ուրեմն պարտավոր են ծառայությունը մատուցել այդ քարտով։ Տեղեկանք ներկայացնելը անհարմարություն է քաղաքացու համար. նա գալիս է նույնականացման քարտով, ուղարկում ենք, որ տեղեկանք բերի, դա նույնն է, որ ուղարկես՝ անձնագիր բերի»,– ասել է վարչապետը։

Ուշագրավ է, որ վարչապետն անդրադարձել է ID քարտերով գործարքներին, սակայն չի անդրադարձել մինչև տարեվերջ 270 հազ. քաղաքացիներին նման քարտերի տրամադրման գործընթացի կազմակերպմանը։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիներն ID քարտեր ստանալու համար դիմելու են վերջին պահին, ինչը խնդիրներ է առաջացնելու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում՝ կուտակումների տեսքով։ Օրենքով սահմանված է, որ նույնականացման քարտը տրամադրվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը։ 

Մեկնաբանել