Ծպտյալ պոռնկատների մասին

Ամիսներ առաջ ընկերուհիս, որ ապրում է Արցախում, զանգահարեց և խնդրեց մի էժան հյուրանոց գտնեմ: Խմբով պետք է մեկնեին արտասահման՝ ինչ-որ սեմինարի, և այնպես էր ստացվել, որ ստիպված էին մինչև թռիչքը գիշերել Երևանում:

– Խնդիր չի, կճարեմ,– ասացի և անցա գործի:

Ընդամենը մի քանի ժամից հայտնվեցի անճարակ վիճակում, երբ պարզեցի, որ էժան հյուրանոց Երևանում չկա, իսկ եթե կա, ապա միայն ժամավճարով է: Ստիպված էի զանգահարել Ստեփանակերտ և ներողություն խնդրել անճարակությանս համար:

— Մենք գիտեինք, որ հնարավոր չէ, ուղղակի մտածեցինք փորձել,– ասաց ընկերուհիս և հուսահատ շարունակեց,– լավ, գիշերը դուրս կգանք: Երևան կհասնենք լուսադեմին և մինչև թռիչքը ժամանակ կանցկացնենք օդանավակայանում:

Երևանը ծայրահեղությունների քաղաք է, այլ ոչ թե սրտի մայրաքաղաք, ինչպես վերջին շրջանում քարոզում են: Երևանը մոթելների քաղաք է: Այստեղ ամեն քայլափոխի սնկի պես բուսնում են մոթելներ, որտեղ ծաղկում է պոռնկությունը: Երևանում մոթել հիմնելը դարձել է ամենաշահավետ բիզնեսը: Իսկ եթե մոթելումդ նաև սաունա ունես, ուրեմն կարող ես հավակնել լուրջ բիզնեսմենի համբավի: Մի քիչ գուցե ծիծաղելի է հնչում, բայց այդպես է: Ուրիշ էլ ի՞նչով կարող ես զբաղվել, երբ պահանջարկը գերազանցում է հնարավորությունները:

Չգրված ճշմարտություն է՝ այն երկրներում, որտեղ սոցիալական վիճակը ծանր է, տնտեսությունը՝ կաթվածահար, իսկ աղքատության ցուցանիշը՝ բարձր, այդտեղ ծաղկում է ղումարը, պոռնկությունն ու թմրամոլությունը: Սկսենք վերջինից: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ահռելի չափերի է հասել «բենզինիստների» թիվը: Բենզինիստները նրանք են, ովքեր էժան դեղամիջոցներով և կես լիտր բենզինով կարողանում են թմրանյութ պատրաստել և մի քանի հոգով այն ներարկել: Ճիշտ է, դրանից հետո նրանց կյանքը մեկ տարի է տևում, բայց չէ՞ որ էժան է և հասանելի: Բայց այս մասին չէ, որ ուզում եմ գրել, և ոչ էլ օրինականացված ղումարի՝ թղթախաղ, լոտոներ, խաղային մեքենաներ, այլ մոթելների, որ ամեն քայլափոխի կհանդիպես Երևանում, որոնք լեփ-լեցուն են օրվա ցանկացած ժամի և, կարելի է ասել, աշխատում են «հերթի տակ»:

Ղարաբաղում իշխանություններն այս հարցը խիստ են լուծել: Այստեղ չեք գտնի նման վայրեր: Այնտեղի բնակչության բարոյականության պահպանման խնդիրը լուծել են շատ պարզ եղանակով: Ուղղակի արգելված է նման օբյեկտների գոյությունը, և հյուրանոցները վերահսկվում են: Երբ այս մասին հիացմունքս հայտնեցի արցախցի մի պաշտոնյայի, որի հետ բավական մտերիմ հարաբերություններ ունեմ, անկեղծորեն դժգոհեց՝ ասելով.

— Մեր խնդիրն ավելի դժվար է: Աղջիկներ կան, որ գալիս են Երևան և վեց ամիս հետո ջիփով վերադառնում ծննդավայր: Դրանից հետո, դե արի՝ զսպի, ո՞նց զսպես:

Ծանոթիս մտահոգությունը վաղվա օրվա համար էր, իսկ մեզ մոտ՝ Երևանում, այսօրն այնպես է խաթարված, որ վաղվա մասին մտածելը դառնում է ծիծաղելի:

Հ.Գ. Վերջերս նկատել եմ, որ մոթելներն ու սաունաները ակտիվ գովազդային քարոզարշավ են սկսել ռադիոներով և որոշ հեռուստաընկերություններով: Սա ևս մեկ անհերքելի ապացույց է, որ մեզ մոտ դրանք վերածվել են լուրջ բիզնեսի: Իսկ պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում՝ դրանց սլացիկ ընթացքը կասեցնելու համար: Ինչո՞ւ ալկոհոլային խմիչքների գովազդման դեմ օրենքներ ընդունվում են, իսկ ծպտյալ պոռնկատների առկայության մասին մեր հարգարժան օրենսդիրները չեն խոսում:

Մեկնաբանել