Օջալանի օսմանյան տեսլականը

Լուսանկարը՝ Аrmenianweekly.com-ից:

Մարտի 21-ին Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ, ինչպես և նախատեսվում էր, ընթերցվեց Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ցմահ դատապարտված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նամակ-ուղերձը: Այդ ուղերձը` Օջալանի 14 տարվա բանտարկության և վերջին տարիներին պետություն-հետախուզություն-քրդական ռազմական և քաղաքական կենտրոններ գաղտնի և բացահայտ հանդիպումների արդյունքում ձեռք բերված համաձայնության արդյունքն էր: Ուշագրավ է, որ նամակը նախ ընթերցվել է քրդերեն, իսկ հետո թուրքերեն՝ դրանով խորհրդանշելով տարածքում քրդերենի հավասար ուժ ունենալու և ինչու ոչ՝ նաև առաջին լեզու դառնալու հավակնությունը:

Ուղերձի ամենակարևոր դրույթը քրդական շարժման զինված պայքարի դադարեցումն ու պայքարի քաղաքական փուլ թևակոխելու մասին հայտարարությունն էր: Օջալանը, որը քրդերի համար անառարկելի հեղինակություն է, բացահայտ կոչ արեց դադարեցնել զինյալ պայքարը: Քրդական զինյալների կողմից կոչին անսալու նախնական համաձայնություններ արդեն լսվում են:

Ուղերձը հիմնականում շեշտը դնում է քրդերի և թուրքերի հազարամյակներ շարունակվող բարեկամության և, որն ավելի զարմանալի է` Անատոլիայի իսլամական սինթեզի վրա: Այն իր մարքսիստական-ստալինիստական ժարգոնով հիշեցնում էր 1960-ականներին ձախակողմյան խմբավորումների ելույթները, որտեղ հաճախ էր շեշտվում այսօրվա քրդերի և թուրքերի տարաձայնությունների՝ համաշխարհային կապիտալիզմի կողմից հրահրման մասին: Մատնանշվում է Թուրքիայի մուտք գործելը նոր ժամանակաշրջան: Զգացվում է, որ Օջալանին կարողացել են համոզել ընդունել «Օսմանյան խաղաղության բանաձևը», և նա հրաժարվել է «ժողովրդավարական խաղաղության» նախկինում թմբկահարվող բանաձևից: Օջալանը փաստորեն կիսում է Էրդողանի՝ ապագա Թուրքիայի տեսլականը: Ողերձը լսելիս տպավորություն է, որ այն առնվազն երեք համահեղինակներ ունի՝ Օջալան, Հաքան Ֆիդան՝ Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) տնօրեն և Ահմեդ Դավութօղլու` արտգործնախարար:

Օջալանը հարկ էր համարել հիշել նաև տարբեր ազգային փոքրամասնությունների` հայերի, արաբների, թուրքմենների, ասորիների մասին, «չնկատելով», սակայն, Անատոլիայի պատկանելությունն այդ ժողովուրդներին և կրկին շեշտելով քրդերի ու թուրքերի իսլամական երդիկի տակ այդ տարածքում բնակվելու առաջնայնությունը: Նա օրինակներ է բերում առաջին համաշխարհային պատերազմի այն օրերից, երբ թուրքերն ու քրդերը ուս ուսի էին պայքարում կապիտալիստների դեմ: Օջալանը, հիշելով անցյալը, ապագայի համար խոստումներ է տալիս, որ քուրդ ժողովուրդն օժանդակելու է տարածաշրջանում «Նոր Թուրքիա, նոր Արևելք» քաղաքականության կերտմանը:

Եթե ուղերձը իսկապես ըմբռնումով ընկալվի Քանդիլի կողմից, որտեղ կենտրոնացած է կուսակցության հիմնական զինյալ թևը, և զինված պայքարն իրոք դադարի, և արդյունքում քրդերը դառնան իրավահավասար քաղաքացիներ, իսկ Էրդողանը կարողանա մեծամասնության ձայներով «ձևել» իր սահմանադրությունը, ապա և՛ թուրքերի, և՛ քրդերի համար հարցը բացառիկ լուծում կստանա, քանի որ Թուրքիան կազատվի ահաբեկչության և այլ գլխացավանքներից:

Մեղադրանքները, որ Օջալանը հայկական ծագում ունի, թերևս այլևս լուրջ չընդունվեն: Օջալանի՝ իսլամի չափից ավել ընդգծումը և մինչև օրս թուրքական պետության դեմ պայքարելու գործում շոշափված և ինչու չէ՝ նաև օգտագործած Հայոց ցեղասպանության հարցը նրա ելույթում տեղ գտավ միայն «պատմական աղետներ» դարձվածքով: Դժվար չէ գալ այն եզրակացության, որ Օջալանը, երբ նշում էր Առաջին աշխարհամարտի ժամանակ քրդերի՝ թուրքերի հետ միասին ընդհանուր թշնամու դեմ պայքարը, նկատի ուներ նաև հայերին: Իսկ «կապիտալիստական խաղեր» ասելով՝ կարելի է ընդունել, որ նկատի ուներ Սփյուռքի պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Տարածաշրջանում խաղաղության հաստատումից կարող են վատ զգալ միայն հոգեպես անառողջ տարրերը, սակայն այսօր կատարվածը, որքան էլ չուզենք ընդունել, պատմության կրկնությունն է: Ընդամենը վերջերս, եթե այցելեիք Արևմտյան Հայաստանի քրդերով բնակված գյուղերը, կգտնեիք մարդկանց, որոնք ձեր հայ լինելն իմանալուց հետո կասեին. «Մենք խաբվեցինք թուրքերին ու կոտորեցինք Ձեզ, հետո էլ իրենք մեզ կոտորեցին…»: Հիմա երևի նույն մարդիկ կսկսեն պատմել, թե թուրքերի հետ ուս ուսի տված ոնց էին իրենց գյուղերը պաշտպանում հայկական չեթեներից:

Մինչև այսօր հակապետական քաղաքականություն ծավալելու համար հայկական հարցերից գլխավորը Ցեղասպանությունը ճանաչելու և հայկական փոքրամասնության շահերի համար պայքարող քրդական միությունները, հուսով ենք, որ միանգամից չեն փոխի իրենց դիրքորոշումները և «մեկ ազգ երկու պետությունը», իմա` Թուրքիան և Ադրբեջանը, չի վերածվի երեք մուսուլման ազգերի դաշնության` ընդդեմ հայերի: