Պատանի հանդիսատեսի թատրոնում պրեմիերա էր

1958թ. Շեյլա Դիլեյնի անունով 18-ամյա անգլիացի մի աղջիկ ներկա էր Թերենս Ռետիգանի «Վարիացիաներ թեմայով» պիեսի բեմադրությանը: Դիտելով ներկայացումը՝ նա որոշեց, որ կարող է ավելի լավ գրել: Եվ գրեց: Տասն օրում ծնվեց «Մեղրի համը» պիեսը, որը հայտնի դարձրեց Շեյլայի անունն ամբողջ աշխարհում: 20-րդ դարի ամենահայտնի պիեսներից մեկը չի իջնում բեմերից ստեղծման պահից ի վեր:

Մարտի 20-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Գոռ Մարգարյանի բեմադրած «Մեղրի համը» ներկայացման պրեմիերան: Պիեսն այն մասին է, թե որքան դժվար է ապրել, երբ հարբեցող մորից բացի՝ ոչ ոք չունես, թե որքան դժվար է լինել համասեռամոլ 20-րդ դարի 50-ականների վերջին, թե որքան դժվար է սպիտակամորթ 17-ամյա աղջիկ լինել, որը երեխայի է սպասում սևամորթից, իսկ նա հեռացել է և հավանաբար մոռացել քո գոյության մասին, թե որքան դժվար է ընտրություն կատարել մտերիմ ընկերոջ և հեռու ու անպետք մոր միջև, թե որքան դժվար է…

Շեյլա Դիլեյնիի հերոսուհին՝ Ջոն, համարյա իր տարեկիցն է, նա նոր պիտի ավարտի դպրոցը և ապրում է թեթևաբարո մոր հետ, որը չի կարող հոգ տանել նույնիսկ իր մասին, ուր մնաց՝ դստեր: Նա անընդհատ փոխում է տղամարդկանց, բնակարանները, տրամադրությունը: Իսկ Ջոն ցանկանում է մայր ունենալ և երբեք չնմանվել սեփական մորը՝ Էլենին:

Դրամատուրգը ներկայացնում է Ջոյին ու նրա մորն այն պահին, երբ հերթական անգամ նոր բնակարան են տեղափոխվել՝ անհարմար, սառը և կեղտոտ մի բույն, որից Ջոն սարսափում է, սակայն և չի դիմադրում, քանի որ վաղուց ընտելացել է մոր գործելաոճին:

Շուտով հայտնվում է ոմն Պիտեր Սմիթ, որն առաջարկություն է անում Էլենին: Նա առանց րոպե իսկ հապաղելու, թողնում է Ջոյին։ Իսկ Ջոն սիրահարվում է նավի սևամորթ խոհարարին և համաձայնում ամուսնանալ նրա հետ: Հղիանում է, իսկ փեսացուն մոռանում է վերադառնալ հերթական նավարկությունից։ Ջոն սկսում է աշխատել խանութում և բնակարան վարձում համասեռամոլ Ջեֆի հետ միասին: Մինչ աղջիկը պատրաստվում է մայրանալ և կռիվ տալիս երեխայի հանդեպ իր զգացմունքները հասկանալու համար, մայրը որոշում է վերադառնալ և տեր կանգնել նրան:

20-րդ դարի 50-60-ականների անգլիական դրամատուրգիայի կանոնների համաձայն՝ պիեսը բաց ավարտ ունի: Հանդիսատեսն ինքը պիտի կռահի, թե ինչ կկատարվի Ջոյի հետ, ինչպես կդասավորվի նրա կյանքն ապագայում։

Գոռ Մարգարյանն անփոփոխ է թողել պիեսի կառուցվածքը, միայն որոշ կրճատումներ է արել, բայց, միևնույն է, ներկայացումը շուրջ երկուսուկես ժամ է տևում:

Սա ռեժիսորի այս պիեսի երկրորդ բեմադրությունն է: Առաջին անգամ նա անդրադարձել է Շեյլա Դիլեյնիի գործին 2008թ.: Փոսի թատրոնում բեմադրությունը մտել է խաղացանկ, սակայն փակվել է Գոռի՝ բանակ զորակոչվելու պատճառով: «Իմ ունեցած տեղեկություններով՝ «Մեղրի համը» Հայաստանում միայն մեկ անգամ է բեմադրվել մինչ այդ՝ 1988թ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Երբ կարդացի այս պիեսը, այն դիպավ իմ զգացմունքներին, ոչ բանականությանը: Ինձ հուզեց Ջոն, ես պարզապես սիրահարվեցի այս ստեղծագործությանը»,– ասում է Գոռը: 2010-ից նա թատրոն է փնտրել, որտեղ կկարողանա վերաբեմադրել պիեսը:

Այս բեմադրությունը նման չէ առաջին տարբերակին. այլ են դեկորները, լուսավորությունը, դերասանական կազմը: Պիտեր Սմիթին մարմնավորել է Իշխան Ղարիբյանը։ Նա ասում է, որ հաճույքով է աշխատել պիեսի վրա. «Գոռ Մարգարյանը երիտասարդ ռեժիսոր է, պիեսը՝ ժամանակակից: Հետաքրքիր աշխատանք էր, մենք սովորում էինք նրանից, նա՝ մեզնից»:

Հիմնական շեշտը ռեժիսորը դրել է Ջոյի կերպարի և հերոսների փոխհարաբերությունների բացահայտման վրա: «Անգլիական դրամատուրգիան փոքր-ինչ ծամծմում է, տեքստերը երկար են, մենք աշխատել ենք արդիականացնել այն»,– ասում է Իշխան Ղարիբյանը:

Շեյլա Դիլեյնիի ստեղծագործությունները թատերագետները դասում են kitchen sink realism-ի ուղղությանը, ինչը նշանակում է «խոհանոցի լվացարանի ռեալիզմ»: Դրանք աշխատավորների, կյանքի հատակից մեկ հարկ վերևում գտնվող մարդկանց առօրյան են նկարագրում:

«Մեղրի համը» հասարակ պատմություն է հասարակ աղջկա, նրա անպատասխանատու մոր և գարշահոտ սենյակի մասին: Ջոն խելացի է, սուր լեզու ունի, միևնույն ժամանակ, բացարձակ անպաշտպան է: Հանդիսատեսը տեսնում է անօգնական, դժբախտ մարդկանց, որոնք չեն կարողանում սիրել, բացվել միմյանց:

«Չեմ կարծում, որ այս պատմությունը հատկապես արդիական է կամ հրատապ մեր հասարակության համար: Այն պարզապես մարդկանց մասին է: Մենք հասկանում ենք, որ Ջոն դատապարտված է շարունակել մոր կյանքը, որ նա պիտի դառնա արատավոր շրջանի շարունակողը: Բայց այնտեղ մի հատված կա, որ ես հատուկ ընդգծել եմ՝ լուսային ձևավորմամբ և բեմադրակարգով: Երբ Ջոն ասում է, որ նա այսուհետ պատասխանատու է ամեն ինչի համար և պիտի պատասխանատու լինի նաև մոր համար»,– ասում է Գոռ Մարգարյանը: Ռեժիսորի մտահղացման համաձայն՝ Ջոն լույսն է այդ պիեսում, թեև չի գիտակցում դա, իսկ Ջեֆն այն հայելին է, որը պիտի անդրադարձնի Ջոյի լույսը:

Մենք չենք իմանա՝ ինչ եղավ Ջոյի հետ, ինչ ճանապարհ նա ընտրեց: Սակայն այն պատմություն է կյանքի բազմակողմանիության, բարդության և ոչ միանշանակ լինելու մասին, որը ստիպում հասկանալ, թե որքան փոխկապակցված են մեր գոյության բոլոր տարրերը։

«Մեղրի համը» Պատանի հանդիսատեսի խաղացանկում է, սակայն մարտին այլևս չի ներկայացվի, այն հնարավոր կլինի դիտել ապրիլին:

Մեկնաբանել