Պահանջում են պատժել ԵՊՀ որոշ պաշտոնյաների

ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու ԵՊՀ դասախոս Գրիգոր Ղազարյանը ևս միացել է իր գործընկերների՝ պատմական գիտությունների թեկնածու Արարատ Միրզոյանի` իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին. տեղեկանում ենք facebook-ի «Դասադուլ» էջից:

«Ես՝ ԵՊՀ դասախոս Գրիգոր Ղազարյանս, միանում եմ պատմ. գիտ. թեկն. Արարատ Միրզոյանի` իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին:

Նաև հայտարարում եմ, որ առնվազն մտահոգիչ եմ համարում Միրզոյանի հայտարարությունից հետո նրա հետ ԵՊՀ-ի կողմից նոր պայմանագիր չկնքելու փաստը: Առաջարկում եմ երկու իրադարձությունների միջև պատճառահետևանքային կապը ժխտելու նպատակով վերանայել Միրզոյանի հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ որոշումը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այս պահանջին են միացել նաև ԵՊՀ դասախոս Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ դասախոս Ավետիք Մեջլումյանը, ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը, նաև՝ ԵՊՀ-ի նախկին դասախոս, Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի նախկին դասախոս, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Աննա Խեչոյանը:

Արարատ Միրզոյանը պահանջել էր, որ ԿԳ նախարարը և ԵՊՀ ռեկտորը պաշտոնական պարզաբանում ներկայացնեին և պատժեին իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց: Դրանից հետո ԵՊՀ-ն հրաժարվել էր հաստատել մարտի կեսերից նախատեսվող դասախոսություններիս համար ամբիոնի կողմից առաջարկված Արարատ Միրզոյանի պայմանագիրը:

Լուսանկարը՝ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել