Առաջին քրիստոնյա ազգ լինելը լոզունգ չպետք է լինի

Հայաշատ Գլենդելի նեղլիկ փողոցներից մեկի անկյունում արդեն տասը տարի նախկին բողոքական եկեղեցու տանիքին խոյանում է Հայ առաքելական եկեղեցու խաչը։ Այստեղ Սուրբ Պետրոս եկեղեցին է: Այն հիմնվել է որպես երիտասարդական կենտրոն, ապա ստացել եկեղեցական թեմի կարգավիճակ, քանի որ հայաշատ այս շրջանում կիրակնօրյա պատարագին ներկա գտնվողների թիվը շարունակ ավելացել է։ Եկեղեցու հիմնական առաքելությունը, այնուամենայնիվ, երիտասարդների հետ սոցիալական աշխատանքն է մնացել։ Փոքրիկ եկեղեցու խորանից դեպի աջ դուռը տանում է Տեր Վազգեն քահանա Մովսեսյանի աշխատասենյակ: Պատերին փակցված լուսանկարները, Դալիի կրոնական թեմաներով կտավների կրկնապատճենները, Մարտին Լյութեր Քինգի պաստառը, գրքերը և ձայնագրման տեխնիկան բավարար են եկեղեցու առաջնորդի հարուստ և բազմաշերտ ներաշխարհի մասին պատկերացում կազմելու համար։

— Տասնհինգ տարի առաջ, երբ դեռ Փասադենայում էինք, ապրիլի 24-ին մեր իրականացրած առաջին ծրագիրը, որը հետո ուրիշներն էլ կրկնօրինակեցին, արյունահավաքի կազմակերպումն էր: Եթե 1915թ. մենք արյուն թափեցինք, անկախ մեր կամքից, ապա այսօր մենք սիրահոժար տալիս ենք մեր արյունը ուրիշներին ի փրկություն,– պատմում է Տեր Վազգենը:– Այս ծրագիրը սուր քննադատության ենթարկվեց, քանի որ հարցնում էին՝ արդյոք միայն հայերի համար է, և ստանում՝ ոչ, բոլորի համար է, պատասխանը: Իսկ որ թուրքի՞ն տան: Իսկ ինչո՞ւ ոչ: Ինչո՞ւ ապրիլի 24-ին միայն պետք է գնամ ու ողբամ, ես ողջ եմ: Մեծանալով տատիս շուքի տակ, ով այդ ամենի ականատեսն է եղել, գիտակցում եմ, որ այսօր մենք պետք է ուրիշներին օգնենք:

— Սակայն սա Ձեր միակ ծրագիրը չէ, որով հայերը օգնում են օտարազգիներին։

— 2006թ. ստացա Ռուանդա գնալու հրավեր, որտեղ դրանից 12 տարի առաջ ցեղասպանություն էր իրականացվել: Գնալուց առաջ ինքս ինձ հարցրի՝ արդյոք կտեսնեմ անտեղ այն իրավիճակը, որը Հայաստանում էր ցեղասպանությունից տասը տարի անց:

Այն, ինչ տեսա, փոխեց իմ կյանքը: Նախ՝ պարզվեց, որ մենք նրանց համար հերոսներ ենք: Երբ մտա նրանց թանգարանը, աչքերս չէին չորանում արցունքներից: Կարդալով այդ պատմությունը՝ անհնար էր հանգիստ մնալ: Հետո ինձ մոտեցավ մեկը և պարզելով, որ հայ եմ, խորհուրդ տվեց բարձրանալ երկրորդ հարկ, որտեղ երկու դահլիճ նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

Ամերիկայի մեջ մենք կենտրոնանում ենք, թե Օբաման ինչ կասի, իսկ այնտեղ մենք հերոս էինք: Այսօր դա մեզ պարտավորեցնում է օգնության ձեռք մեկնել ուրիշին:

2005թ. հայ երիտասարդների հետ միասին մեկնեցինք Աֆրիկա աշխատելու՝ նախապես մեծ դրամահավաք կատարելով Կալիֆոռնիայում: Բացի այդ՝ հսկայական գումարներ էին ուղարկվում Դարֆուր, որտեղ նույնպես ցեղասպանություն էր իրականացվում: Հանդիպեցինք այն ժամանակ նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերին և կարողացանք կանխել գումարների այդ հոսքը: Եթե ժամանակին հնարավո՜ր լիներ կանխել թուրքերին գումար ու զենք տրամադրելը: Ուրեմն մենք հիմա պետք է կանխենք նրանց ֆինանսավորումը, ովքեր իրականացնում են ցեղասպանություն: Մինչ այսօր մեր երիտասարդները ծոմապահություն են կատարում ի հիշատակ Դարֆուրի: Աղոթքով ու ծոմապահությամբ կարելի է փոխել աշխարհը: Մարթին Լութեր Կինգը Քրիստոսի ուժով կարողացավ փոխել Ամերիկան:

Ամեն տարի մեր հայ երիտասարների ջանքերով Աֆրիկա երեխաների համար օգնություն ենք հավաքում, մոտ մեկուկես միլիոն դոլար հավաքել ենք՝ ծոմ պահելով: Շատ հայեր չեն հասկանում, ասում են՝ ինչո՞ւ սևամորթին պետք է օգնել: Մենք հայերին էլ ենք օգնում, բայց առաջնայինը իրական քրիստոնյա լինելն է։

— Հաճելի և անսովոր է լսել՝ ինչպես են հայերը օգնում այլոց։

— Ունենք նաև անօթևաններին նվիրված ծրագիր, որը նույնպես չունի ազգային սահմանափակում: Առաջին քրիստոնյա ազգ լինելը ընդամենը լոզունգ չպետք է լինի, մենք դրանով ավելի մեծ պարտականություն ունենք՝ օգնության ձեռք մեկնելու մյուսներին: Արդեն տասը տարի է, ամեն ամիս մոտ 200-250 անօթևան Լոս Անջելեսում հայ ժողովրդի կողմից օգնություն է ստանում: Երբեմն նրանք հարցնում են, թե ինչու եք դուք՝ հայերդ, օգնում մեզ, պատասխանն է՝ որովհետև ժամանակին ինքներս որբ ու անտուն էինք, իսկ այսօր պարտավոր ենք ձեզ էլ հույս տալ։

— Ի՞նչ եք կարծում, եթե թուրքական կառավարությունն ընդունած լիներ Ցեղասպանության փաստը և զղջացած, կփոխվե՞ր մեր վերաբերմունքը թուրքերի հանդեպ։

— Մենք՝ հայերս, տառապում ենք «զոհի բարդույթով», կշարունակենք ատել թուրքին կամ մի նոր խնդիր կգտնենք:

— Երբ հայերը պետականություն չունեին, Սփյուռքում հայոց լեզուն պահպանվում էր ավելի խնամքով, քան վերջին տարիներին։ Հուսով եմ՝ սխալվում եմ։

— Ցավոք, լեզվի խնդիր կա, ձուլվում ենք, բայց հայ սիրտը պետք է պահել։ Դժբախտաբար, այն ճիշտ մեթոդը, որ կօգնի դա անել, ոչ բոլորն են օգտագործում: Նախ՝ Հայաստանի հետ կապ պահելն է անհրաժեշտ: Վերջիվերջո, ինչո՞ւ ԱՄՆ-ում պետք է հայերեն խոսել: Որովհետև մի օր ես կամ զավակներս, կամ իրենց զավակները պետք է վերադառնան մայր հայրենիք։ Եթե այդ համոզմունքը չկա, ապա անիմաստ է լեզուն պահել, քանի որ անգլերեն խոսելով այստեղ ամեն ինչի կհասնես։

— Փաստորեն համայնքի ձուլվելն անխուսափելի՞ է։

— Ճիշտ այսօր առավոտյան կնոջս ասացի, որ այս ամենը վերջիվերջո իմը չէ, օտարինն է: Պետք է կարողանանք նույն աշխատանքը Հայաստանում կատարել, իրականությունը դա է:

Վերջերս Հայաստանից բարեկամս այցելեց, գնացինք Սան Ֆրանցիսկո: Երբ ցույց տվեցի Ոսկե դարպասները (Golden Gate կամուրջը), նա հարցրեց՝ արդյոք զգում եմ, որ այն իմն էլ է: Իհարկե ոչ, իմը Արարատն է, չնայած Թուրքիայում է այսօր: Որքան էլ մենք Սփյուռքում ապրենք, իսկական կյանքը Հայաստանում է։

— Ի՞նչը ազդակ եղավ ընտանեկան բռնությունների դեմ ծրագիր սկսելու համար։

— Արդեն քանի տարի է, խոսում էինք այս գաղափարի շուրջ: Մոտ յոթ-ութ տարի առաջ հինգ կանայք, միմյանցից անկախ, խոսեցին ինձ հետ իրենց խնդիրների շուրջ։ Բոլորի հետ խոսելիս ասում էի, որ նրա դեպքը առաջինը չէ, և կցանկանա արդյոք խոսել խմբի մեջ: Ամաչում էին: Եվ հասկացա, որ առաջին հերթին պետք է ազատվել այդ ամոթի զգացումից: Դրա համար կազմակերպեցինք կլոր սեղան, ստեղծեցինք աշխատանքային խումբ:

2010թ. հոկտեմբերին փորձեցինք խոսել Հայաստանի հյուպատոսին հետ, սակայն պատասխան ստացանք՝ դա հյուպատոսության առաջնային խնդիրների մեջ չի մտնում։ Հաջորդ իսկ օրը հայտնի դարձավ Զարուհի Պետրոսյանի դեպքի մասին։ Մի առավոտ մի կին ինձ զանգեց՝ ասելով, որ գիշերն ամուսինը ծեծել է իրեն: Գնացի նրան տուն, հարուստ թաղամասում էր, արդեն ոստիկանությունն էր այնտեղ: Խոսում էի այդ կնոջ հետ, մխիթարեցի և նա խնդրեց աղոթել իր հետ: Երբ բռնեցի ձեռքերը. հանկարծակի ճչած, պարզվում է՝ ամուսինը կոտրել էր մատները. այդքան ժամանակ նա լռել էր այդ մասին։

— Այսօր ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։

— Մենք աշխատում ենք իրազեկման, մարդկանց իրավունքների ներկայացման, առաջնային օգնության ցուցաբերման ուղղությամբ: Ապաստարան դեռ չունենք, սակայն աշխատում ենք այլ կազմակերպությունների հետ համագործակցել, մինչև ունենանք այդ հնարավորությունը: Բռնության ենթարկվող կանայք հաճախ աշխատանք չունեն, և մեր կամավորները պատրաստակամ են համակարգչային և այն դասընթացներ վարել: Կարևորը օգնել նրանց վերագտնել վստահությունը, նոր կյանք սկսելու կարողությունը:

Հեռանում էի այս լուսավոր մարդու և հոգևորականի մոտից կարևոր մի ձեռքբերումով. չպետք է սահմանափակվել սեփական պատերի ներսում, եթե ցանկանում ես, որ աշխարհը հասկանա քո ցավերը, պետք է կարողանալ հաղորդակից լինեն նրա կյանքին: Առավելևս, որ կան խնդիրներ, որոնք անկախ են ազգային պատկանելությունից։ Սրա ամենատպավորիչ վկայություններից էր վերջին դրվագը. Սբ Պետրոս եկեղեցու սենյակներից մեկում փակցված էր երգիչ Քրիս Բրաունի հեղինակած նկարը: Նա շատերին հայտնի է որպես երգչուհի Ռիհանայի զուգընկեր, որը մի քանի տարի առաջ դաժանաբար ծեծի էր ենթարկել իր Ռիհանային: Անցած տարվա վերջին երկու շաբաթները Քրիս Բրաունը Սբ Պետրոս եկեղեցում հասարակական աշխատանքներ է իրականացրել։

Անահիտ Մինասյան,

Կալիֆոռնիա