Չինաստանի թաքնված ժողովրդավարացումը

Մարտի 14-ին Սին Ձինփինը (Xi Jinping) Չինաստանի խորհրդարանի՝ Ազգային ժողովրդական կոնգրեսի կողմից հաստատվեց Չինաստանի նախագահի պաշտոնում: Աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսություն ունեցող երկրում Ձինփինի նշանակման հետ կապված փոփոխությունների մասին Project-syndicate.org կայքում համատեղ հոդված են հրապարակել Շանհայի Ֆուդան համալսարանի Տնտեսական ուսումնասիրությունների չինական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության պրոֆեսոր Ջուն Ժանգը և ԱՄՆ-ի Բրանդեյս համալսարանի (Brandeis University) Միջազգային բիզնես դպրոցի և Արևելասիական հետազոտությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության պրոֆեսոր Գարի Հ. Ջեֆերսոնը։ «Չինաստանի թաքնված ժողովրդավարացումը» վերնագրված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Այն պահից ի վեր, երբ Սին Ձինփինն օծվեց որպես Չինաստանի նախագահ, այլախոհների նկատմամբ պետական բռնաճնշումների մասին տեղեկությունները գրեթե չեն նվազել: Սակայն թեև Չինաստանում մարդու իրավունքների իրավիճակի շուրջ քննադատությունն ակնհայտորեն տեղին է, կարևոր է չանտեսել ծավալը քաղաքական այն իսկական փոփոխության, որ գրանցվել է երկրում:

1978-ից ի վեր Չինաստանի քաղաքական համակարգը վերահսկել է տնտեսական հզորության զգալի մասը պետությունից սեփական ժողովրդին փոխանցելու գործընթացը: Արդյունքում չինացիներն այսօր կարող են ընտանեկան տնտեսություններ վարել, տներ և բիզնեսներ ունենալ, տնօրինել կրթության հարցում ընտրության իրենց հնարավորությունները, արտոնագրել իրենց հայտնագործությունները և հարստություն կուտակել: Հենց այս անհատական իրավունքների իրականացումն է, որ ստեղծել է Չինաստանի տնտեսական շարունակական փոխակերպման հիմքը:

Ստեղծելով անհատական՝ բազմազան և հակասական տնտեսական շահեր, որոնք հատուկ են կապիտալիստական հասարակությանը՝ Չինաստանն ստիպված է եղել ստեղծել մի շարք ինստիտուտներ, որպեսզի դյուրացնի և միջամտի այս իրավունքների իրականացմանը: Կայացող ինստիտուցիոնալ այս կարգավորումները ներառում են պայմանագրեր և առևտրային օրենքներ, սնանկության և աշխատանքի մասին օրենսգրքեր և դատարաններ, որոնց նպատակն է վերահսկել դրանց իրագործումը: Բոլորովին վերջերս տեղական հանձնաժողովները, հասարակական կազմակերպությունները, մամուլում աճող ինքնավստահությունը և արտոնված հանրային ցույցերը դարձել են սոցիալական կոնֆլիկտին միջամտելու կայացած ուղիներ:

Սակայն իրավունքների փոխանցումը հաճախ անհասկանալի է եղել և չափազանց հաճախ խոցելի պետական մարմիններում կոռուպցիայի առկայության պարագայում: Դրա հետևանքով երկրի լավ կրթություն ստացած և ֆինանսապես ապահով միջին խավը Չինաստանի կոմունիստական կուսակցությունից (ՉԿԿ) շարունակ պահանջում է ավելի շատ թափանցիկություն և հաշվետվողականություն այն հաստատություններում, որոնցից կախված է իրենց կարիերան և ապրուստը:

1990թ. «Վարչական դատավարության մասին» օրենքի վավերացումը Չինաստանի քաղաքացիներին հնարավորություն ընձեռեց դատական հայցեր ներկայացնել ընդդեմ տեղական կառավարման և պետական մարմինների: Վերջին տարիներին հարյուր հազարավոր հասարակական կազմակերպություններ, հաճախ պետության հավանությամբ, անհատների են ներկայացրել կենսական կարևորության հարցերում, այդ թվում՝ հողատարածքների բռնազավթում, տների ապամոնտաժում, բնապահպանական իրավունքների ոտնահարումներ, աշխատանքային իրավունքներ և առողջապահություն: Կառավարության դեմ դատական հայցերի թիվը շատ արագ աճել է՝ հասնելով տարեկան ավելի քան 100 հազարի, իսկ հայցվոր կողմը հաղթել է գործերի 1/3-ի դեպքում:

Բողոքի հրապարակային ցույցերը մեկ այլ ուղի են, որի միջոցով Չինաստանի քաղաքացիները առաջ են տանում իրենց շահերը: Ողջ երկրում բնակիչները հաճախ բողոքում են իրենց իսկ տներից իրենց անարդարացի վտարելու դեմ՝ հաճախ տեղական իշխանությունների կոռումպացված պաշտոնյաների պատճառով: Մեզանից մեկը վերջերս տեսել է փողոցային բողոքի ցույց Վուհանում՝ Կենտրոնական Չինաստանի ամենամեծ քաղաքում: Բողոքի ցույցի դուրս գալու թույլտվությամբ և պաստառներով ու ազդագրերով զինված ցուցարարները, իմանալով, որ իրենց տները պետք է ամբողջությամբ քանդվեն, և դրանց տեղը նոր շինություններ կառուցվեն, ընդդիմացան և հասան նրան, որ ապահովեցին զգալիորեն ավելի շատ փոխհատուցում, քան տեղական կառավարությունն առաջարկել էր ի սկզբանե:

Այժմ պետական մարմինների, գործատուների և դեվելոպերների դեմ բողոքի այսպիսի ակցիաները սովորական են (թեև ոչ միշտ են արտոնված): Անշուշտ, Չինաստանի առաջնորդները գիտակցում են, որ եթե դժգոհությունների համար հրապարակային արտահայտման այս ուղիները հասանելի չլինեն, ապա քաղաքացիական և քաղաքական անկարգությունների պոտենցիալը շատ ավելի մեծ կլիներ, քան այն արդեն է: Ընդհանրապես, եթե ցուցարարները ցանկանում են իշխանությունների միջնորդությունը և իրենց տնտեսական իրավունքների վերականգնումը և չեն ոտնահարում ՉԿԿ հեղինակությունը, ապա Չինաստանի բնակիչները կարող են պաշտպանել իրենց շահերը:

Որոշ դիտորդներ տեսնում են, թե ինչպես են ի հայտ գալիս ժողովրդավարական համակարգի ուրվագծերը: Չինաստանի և՛ նախագահի, և՛ վարչապետի պաշտոնների վրա սահմանափակում կա. նրանք չեն կարող երկու անգամ անընդմեջ պաշտոնավարել (մեկ պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է): Ազգային ժողովրդական կոնգրեսում [խորհրդարանում], որի գրեթե 3000 անդամներն ընտրվում են տեղական և ազգային մի շարք կազմակերպություններից, օրենսդրական քննարկումները կարող են շատ աշխույժ լինել:

Օրինակ՝ Չինաստանում սնանկության մասին օրենքի ընդունման համար (ընդունվել է 2006թ.) 12 տարի պահանջվեց, մինչ խմբակցությունները Կոնգրեսի, ՉԿԿ-ի ներսում և իշխանության գործադիր ճյուղում պայքարում էին, որպեսզի հավասարակշռեն աշխատավորների և պարտատուների շահերը: Նույն կերպ տարիներ շարունակ քննարկվեց սեփականության մասին օրենքը, քանի որ պահպանողական ուժերը տարբեր լրատվամիջոցների աջակցությամբ ընդդիմանում էին տնտեսության շուկայականացմանը և մասնավորեցմանը՝ ի պաշտպանություն տարեց քաղաքացիների, որոնց ապրուստը շարունակում էր կախված մնալ պետական սեփականության «բրնձի երկաթյա թասից» [խոսքը հիմնականում զինվորականների, քաղաքացիական ծառայողների և պետական տարբեր ձեռնարկությունների աշխատողների մասին է, որոնց պետությունը տրամադրում է աշխատանքի ապահովության երաշխիքներ, կայուն եկամուտներ և արտոնություններ]:

Կարճ ասած՝ թեև Չինաստանի քաղաքական համակարգը գործում է շատ ավելի կենտրոնացված ձևով, քան նշված է երկրի Սահմանադրությունում, այն ապահովում է ավելի իմաստալից ուղիների շարք, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ազդել քաղաքական կյանքի վրա:

Չինաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառվող սահմանափակումներից ամենավրդովեցնողը երկուսն են՝ շրջաններից քաղաքներ տեղափոխվելու և ծնվող երեխաների թվի վերաբերյալ ամուսնական զույգերի վրա դրված սահմանափակումը: Այս երկու ոլորտում էլ իրականացվող քաղաքականությունն արտացոլում է Չինաստանի բնակչության անհավասար բաշխումը. բնակչության ավելի քան 90%-ը խճողված է երկրի արևելյան կեսում, ինչը առաջացնում է ծայրաստիճան գերբնակեցում և քաղաքական անկայունության պոտենցիալ: Այդուհանդերձ, համաժողովրդական ճնշման ներքո երկու սահմանափակումներն էլ էապես մեղմվել են:

Չինաստանի ղեկավարության՝ այսպիսի փոփոխություններ իրականացնելու մոտիվացիան նպատակ չունի ընդունել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի գաղափարները կամ բավարարել միջազգային հանրության պահանջները: Տնտեսական բարգավաճման նպատակին հասնելու համար Չինաստանի ղեկավարներն ստիպված թույլ են տալիս, որ մեծ և հարատև փոփոխություններ տեղի ունենան անհատական իրավունքների ոլորտում: Այս նույն առաջնորդները ստիպված են հանդուրժել (նույնիսկ հեշտացնել) ստեղծումն այն ինստիտուտների, որոնց նպատակն է միջամտել այս իրավունքների շուրջ անխուսափելիորեն ծագող կոնֆլիկտներին:

Քանի դեռ Չինաստանը շարունակում է իր քաղաքացիներին առաջարկել տնտեսական հիմնարար իրավունքներ, փուլային այս փոփոխությունները, թեկուզև դանդաղ, առաջ կտանեն Չինաստանի աստիճանական ժողովրդավարացման գործընթացը: Այնտեղ, որտեղ իրավունքները լավ հիմքերի վրա են, քաղաքացիական հասարակություն կառուցելու հարցում առաջընթաց անպայման կլինի:

Մեկնաբանել