Մյուզիքլ՝ Բրեյվիկի ահաբեկչության մոտիվներով

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման 77 մարդու սպանության համար, կդառնա բրիտանացի դրամատուրգ Դևիդ Գրեյգի The Events մյուզիքլի գլխավոր հերոսը, հաղորդում է The Observer բրիտանական պարբերականը:

Թերթի հաղորդմամբ՝ Գրեյգը ռեժիսոր Ռամին Գրեյի հետ այցելել է Ուտոյա կղզի արյունալի դեպքերից հետո երեք ամիս անց:

The Events ներկայացման պրեմիերան կկայանա այս ամռանն էդինբուրգյան Traverse Theatre թատրոնում, որից հետո կցուցադրվի Young Vic լոնդոնյան թատրոնում: Գրեյգի պիեսի գլխավոր հերոսուհին մի կին է, որը, «գտնվելով իրադարձությունների էպիկենտրոնում», փորձում է հասկանալ՝ ինչպես արձագանքել զանգվածային սպանդին, որը կատարվել է ռասայական և քաղաքական ատելության հողի վրա:

Գրեյգն ու Գրեյը զրուցել են զոհվածների ազգականների ու ընկերների հետ և եկել այն եզրահանգման, որ Բրեյվիկի անունը չպետք է հիշատակվի ներկայացման մեջ: Պիեսի հեղիակն ասել է, որ իրեն հետաքրքրում էր այն, թե ինչպես է «արևմտյան ազատական հանրությունն» արձագանքել այս կարգի ահաբեկչությանը, որը եվրոպական փոքր երկրի համար հավասարազոր էր 9/11 ամերիկյան ահաբեկչությանը: Դևիդ Գրեյգը նաև փորձելու է գտնել երկու մարդասպանների՝ Ուսամա բեն Լադենի և Անդերս Բրեյվիկի ընդհանրություններն ու տարբերությունները:

Ներկայացման երաժշտությունը գրելու է կոմպոզիտոր Ջոն Բրաունը: Ակնկալվում է, որ մյուզիքլում կլինեն երգչախմբային կատարումներ:

Նորվեգիայի թիվ մեկ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը 2011թ. հուլիսին Օսլոյում մեծ պայթյուն կազմակերպելուց հետո մեկնել է Ուտոյա կղզու երիտասարդական ճամբար և գնդակահարել է 69 երիտասարդի: Ընդհանուր առմամբ ահաբեկչությունների զոհ է դարձել 77 հոգի: Դատարանը Բրեյվիկին մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով և դատապարտել 21 տարվա ազատազրկման:

Մեկնաբանել