Հայրիկյանը ցանկանում է գլխավորել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը ցանկանում է  գլխավորել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Հայրիկյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ  համաձայնել է մեկնել արտասահման՝ վիրահատելու վիրավոր ձեռքը: Գրառումը ներկայացված է ստորև:

Սիրելի բարեկամներ, երկար ժամանակ ոչինչ չեմ գրել, թեև գրել սիրում եմ և գրելու պահանջ ունեմ։ Հիմա ասելիքս թելադրում եմ։ 

Կարմիր խաչի հիվանդանոցում եմ։ Ձեռքիս վիճակը գնալով վատանում է, ու այս համակարգչի ստեղնաշարը վեր է ածվում տանջանքի գործիքի։ Տիրոջ կամքով` մի օր կանցնի, բայց այս պահի դրությամբ ցավերից պարբերաբար տառապող կատարյալ հաշմանդամ եմ։ Ոչ թե նվնվում եմ, այլ ուզում եմ մոտիկներիս ներկայացնել իսկությունը։ Շաբաթ օրը առողջապահության նախարարության հետ պայմանավորվեցի, որ ընդունում եմ արտասահմանում բուժվելու, այդ թվում` ճնշված ներվերս ճնշումներից ու կպումներից ազատելու համար վիրահատելու առաջարկը։ Ուր եմ նախընտրում գնալ՝ հարցին պատասխանեցի, որ վստահում եմ իրենց, և նախընտրելին նա է, որը շուտ կազատի ինձ այս ցավերից ու կվերականգնի ձեռքիս աշխատանքը։ Գործնական հրավերներ կան ԱՄՆ-ից, Իսրայելից, Գերմանիայից։ Մի քանի ժամից կարծում եմ` կլինի նաև Հոլանդիայից։

Շարունակում եմ պաս (խստացված՝ միայն չեփած կանաչեղեն և միրգ) պահել։ Հավանաբար վաղվանից հնգօրյա ծոմի անցնեմ։ Անցած տարի՝ Զատիկից առաջ, տասներկու օր ծոմ պահեցի։ Զատիկը՝ Հարության տոնը, կարևորագույն տոներից է, ու դրա հետ կապված խոհեր ու մտահոգություններ ունեմ։

Րաֆֆի Հովհաննիսյանը (և որևէ հայ քրիստոնեա) չի կարող Զատիկի ժամանակ ծոմի մեջ լինել։ Նրանը ծոմ չէ, այլ քաղաքական բողոքի հացադուլ, բայց ըստ էության նաև ծոմ է։ Ո՞րն է ելքը։ 

Քաղաքական հարցադրումներին և խնդիրներին պետք է քաղաքական պատասխաններ և լուծումներ գտնել։ Եվ ես մտածում եմ Սերժ Սարգսյանին (ՍՍ) ու Րաֆֆի Հովհաննիսյանին (ՐՀ) առաջարկել նրանց իսկ հայտարարություններից բխող և իմ՝ պաշտոնապես ազդարարված նախընտրական ծրագրին համահունչ գործողությունների համակարգ։ ՐՀ-ն իրեն նախագահ ճանաչելով և ՍՍ-ին նախագահ չճանաչելով հանդերձ` ՍՍ-ին ներկայացրեց պահանջներ, որոնք կարելի էր ներկայացնել միայն նախագահին, այսինքն՝ երկխոսությանն ամեն ինչից վեր դասեց։ ՍՍ-ն արձագանքեց երկխոսության առաջարկին, արհամարհելով իրեն նախագահ չճանաչելու հանգամանքը։ Սա բնականոն դրսևորում կարելի է համարել հաշվի առնելով հայ ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերները։ Որքան էլ մենք երջանիկ ու ինքնագոհ ներկայանանք, կանգնած ենք ՈՐՊԵՍ ԱԶԳ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԲՆԱՋՆՋՎԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋ։ Եվ այս արտահայտվող կամ քողարկվող մտահոգությունը առկա է բոլորիս մտքերում։ Դրանով էլ կարելի է բացատրել ՐՀ-ի և ՍՍ-ի ողջունելի փոխադարձ հանդուրժողականությունը։
Այս իրավիճակում ես իմ պարտքն եմ համարում հայտարարել, որ պատրաստ եմ գլխավորել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը (ՍԲՀ)։ Ես 98-99 թթ կատարել եմ այդ աշխատանքը։ Այդ գործընթացի առողջ զարագացումով կարելի է դրական արդյունքների հասնել ոչ միայն ռազմավարական՝ համակարգային փոփոխություններ կատարելու հարցում, այլև ընթացիկ քաղաքական, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ կատարելու հարցում։ 

Առօրեական քաղաքական նպատակդրումներ ունեցող ՐՀ-ն բնականաբար չպետք է ընդուներ ՍԲՀ նախագահ դառնալու ՍՍ առաջարկը։ Իմ ծրագրահենքում Սահմանադրական բարեփոխուների իրականացումը՝ վեց ամսից մեկ՝ առավելագույնը երկու տարվա ընթացքում, առաջնահերթ նպատակների թվում էր։ Նաև այս իրողությունն է ինձ տրամադրում խորհել այս առաջարկն անելու մասին։ 
Հենց սկզբից բոլորը պետք է իմանան, որ այդ բարեփոխումները կարող են լինել միայն ի նպաստ ժողովրդավարության և մարդու իրավունքների։ Ես այդ իմ գործը կանեմ անկախ իմ առողջական վիճակից և գտնվելու վայրից։ Իսկ առաջարկիս ՍՍ-ի և ՐՀ-ի համաձայնվելու դեպքում ՐՀ-ն կարող է անմիջապես դադարեցնել իր հացադուլը և լիաթոք մասնակցել քաղաքական գործընթացներին։ Ինչ որ հարցերում համախոհներ կլինենք, ինչ որ հարցերում ընդդիմախոսներ, սակայն հավատացնում եմ, որ իմ գլխավորած հանձնաժողովը չի անտեսի ոչ մի առաջարկ։ 

Ակնկալում եմ ընթերցողներիս արձագանքը։

Ձեր Պարույր Հայրիկյան

P.S. Վաղը աջակցենք ու քաջալերենք (բայց ոչ երկրպագենք) մեր հավաքականին: