Galaxy S IV mini-ն կթողարկվի ամռանը

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է թողարկել նաև Galaxy S IV սմարթֆոնից փոքր` mini տարբերակը, հաղորդում է Cnet-ը:

Գործնականում այն կունենա Galaxy S III mini-ի դիզայնը, սակայն տեխնիկական բնութագրիչներով զգալիորեն կզիջի S IV-ին:

Նոր սմարթֆոնը կունենա 4,3-դյույմանոց Super AMOLED էկրան, 1,6 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր: Այն կաշխատի Android 4.2.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով:

Աղբյուրի հաղորդմամբ` Galaxy S IV mini-ն հավանաբար կներկայացվի ամռանը` երկու տարբերակով` մեկ և երկու SIM քարտերով:

Հիշեցնենք, որ 2013թ. մարտի 15-ին Նյու Յորքում պաշտոնապես ներկայացվել է նոր սերնդի Galaxy S4 սմարթֆոնը:

Այն արտաքինից հիշեցնում է Galaxy S3 սմարթֆոնը, սակայն ընկերության ներկայացուցիչների խոսքով` վերջինիս համեմատ նորույթն ավելի բարակ ու ամուր է: Այն կշռում է 130 գ և ունի 7,9 մմ հաստություն: Նորույթն ունի Super AMOLED տեխնոլոգիայով պատրաստված 5-դյույմանոց էկրան: Samsung-ը թողարկել է Galaxy S4-ը երկու տարբերակով: Առաջինը ունի քառամիջուկ Snapdragon, իսկ երկրորդը` ութմիջուկանոց Exynos պրոցեսոր: Երկուսն էլ ունեն 2 Գբ օպերացիոն և 16, 32 կամ  64 Գբ ներքին հիշողություններ, MicroSD քարտարան:

Ընկերությունը սմարթֆոնում ներդրել է նոր ցուցիչներ, մասնավորապես` խոնավության և ջերմաստիճանի սենսորներ: Ինֆրակարմիր լուսադիոդը հնարավորություն է տալիս օգտագործել սմարթֆոնը որպես հեռակառավարման սարք: