Հում նամակագրություն

Րաֆֆի Հովհաննիսյան – Սերժ Սարգսյան երկխոսությունը կարելի է վերաբացված համարել: «Ժառանգության» առաջնորդի ներկայացրած պահանջներին գործող նախագահը պատասխանել է լակոնիկ, նույնիսկ հեգնանքով՝ ենթատեքստում վերահաստատելով այն միտքը, որ սոված մարդու հետ չի պատրաստվում բանակցել: Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է դադարեցնել հացադուլը, մի երկու օր կազդուրվել և միասին շատ լուրջ աշխատել՝ հիմք ընդունելով թեկուզև «Ժառանգության» առաջնորդի ներկայացրած «շատ հում շարադրանքը»: Սերժ Սարգսյանի պատասխան նամակի բովանդակությունից տպավորություն է ստեղծվում, որ նա պատրաստ է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ շատ լուրջ աշխատել ընդդիմությանը ինչ-ինչ վերահսկիչ գործառույթներ բաշխելու տրամաբանության շրջանակում: Նման օրակարգ սահմանելով՝ Սերժ Սարգսյանը վարպետորեն ուշադրությունը շեղում է վիճելի ընտրությունների թեմայից և այն տեղափոխում իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների հարթություն:

Բացի այդ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունի Սերժ Սարգսյանի հետ միասին աշխատելու առաջարկը, ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները կտեղափոխվեն գործող նախագահի համար խիստ նպաստավոր ձևաչափ, որտեղ «առանց շոուների» հնարավոր կլինի ամրապնդվել նախագահի աթոռին: Ավելին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է անմիջականորեն օգնել գործող նախագահին այդ գործում: Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին «հանդուրժողականության» մթնոլորտում երդմնակալության արարողությունն անցկացնելու և Ազատության հրապարակը դատարկելու համար պատրաստ է առնվազն ոչ էական զիջումների՝ նոր ստեղծվելիք հանձնաժողովների նախագահների տեսքով կամ ՀՀ ընտրական օրենսգրքում ինչ-ինչ փոփոխություններ կատարելու պատրաստակամությամբ: Հովհաննիսյանի մնացած բոլոր պահանջները Սերժ Սարգսյանը կարող է գնահատել որպես Սահմանադրության պահանջներից չբխող, քանի որ իշխանության կիսումը կոալիցիոն կառավարության տեսքով ենթադրվում է խորհրդարանական ընտրություններից հետո: Պաշտոնական արդյունքներով՝ երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի թեկնածուի պարագայում, եթե անգամ նա ստացած լինի 49,9 տոկոս քվե, որևէ իրավական մեխանիզմ գոյություն չունի նրա հետ իշխանություն կիսելու: Եթե, իհարկե, իշխանությունը չի գնում կեղծ կոալիցիաների ձևավորման ճանապարհով, ինչպես դա արդեն արվել է:

Նույնիսկ կոալիցիոն կառավարության դեպքում իշխանության կիսում համարելը խիստ դժվար է, քանի որ իրականում իշխող կուսակցությունը ոչ մի բան չի կիսում, պարզապես զսպում է քաղաքական ուժերի դժգոհությունները՝ նրանց մոտ պահելով իշխանության կերակրատաշտին:

Մեկնաբանել