Հյուսիսային Կիպրոսից Արցախ

Աշխարհում ազատությունների մակարդակը գնահատող ամենահեղինակավոր կազմակերպությունը՝ ամերիկյան Freedom House-ը, գնահատում է նաև չճանաչված երկրներում քաղաքացիական և քաղաքական ազատությունների մակարդակը: Որպես կանոն, այս երկրներն ընդգրկված են վիճահարույց տարածքներ կատեգորիայի մեջ, և Freedom House-ի՝ նրանց տված գնահատականներն իրենց վրա մեծ ուշադրություն են հրավիրում: Վիճահարույց տարածքների մեջ դիտարկվում են տասներկու չճանաչված, մասամբ ճանաչված և ինքնավար պետություն՝ Արցախը, Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, Հյուսիսային Կիպրոսը, Հնդկական Քաշմիրը, Պակիստանյան Քաշմիրը, Արևմտյան ափը և Գազայի հատվածը, Սոմալիլենդը, Արևմտյան Սահարան և Տիբեթը:

Կազմակերպության՝ Արցախին վերաբերող զեկույցին ու գնահատականներին արդեն անդրադարձել եմ: Կցանկանայի դրանք համեմատել չճանաչված այլ երկրներին տրվող գնահատականների հետ: Այս տասներկու միավորներից յոթը ոչ ազատ են, այդ թվում՝ հետխորհրդային Հարավային Օսիան և Մերձդնեստրը, մասամբ ազատ են Արցախը, Աբխազիան, Սոմալիլենդը և Քաշմիրի հնդկական հատվածը: Այս երկրների մեջ միայն թուրքաբնակ Հյուսիսային Կիպրոսն է, որ ամբողջովին ազատ է և քաղաքական ու քաղաքացիական ազատությունների մակարդակով հավասար է ԵՄ անդամ շատ երկրների, այն դեպքում, երբ այս պետության հիմնական հովանավորը՝ Թուրքիան, մասամբ ազատ երկիր է: Այս օրինակը թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել ԼՂՀ-ի և ՀՀ-ի հետ:

Արցախը գնահատվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների մակարդակից, այնինչ՝ Հյուսիսային Կիպրոսն ուսումնասիրվում է նաև մամուլի ազատության և տնտեսական միջավայրի տեսանկյուններից: Ի դեպ՝ Արցախը 2010թ. խորհրդարանական ընտրություններից հետո երկու տարի շարունակ նահանջ էր ապրում քաղաքական ազատությունների տեսանկյունից և հայտնվել էր ոչ ազատ երկրների շարքում, իսկ Հյուսիսային Կիպրոսը, դիտարկվելուց՝ 2002-ից ի վեր համարվում է ազատ երկիր: Կարծում եմ՝ այս ամենի մեջ մեծ է Թուրքիայի դերը, որն ամեն ինչ անում է, որ ԵՄ անդամ Կիպրոսի հետ հակամարտության մեջ գտնվող Հյուսիսային Կիպրոսը միջազգային վարկի տեսանկյունից չզիջի իր հակառակորդին:

Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ-ն Արցախի ժողովրդավարացման և ազատությունների մակարդակի հարցում: Թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ հայաստանյան ընդդիմությունը մեծ նշանակություն չեն տալիս այս հարցերին, շահագրգռված չեն Արցախում ընդդիմության, քաղաքացիական հասարակության, անկախ մամուլի զարգացմամբ: Ընտրություններին այլընտրանքային թեկնածուի առկայության շնորհիվ Արցախը կարողանում է հասնել մասամբ ազատ կարգավիճակի՝ մի աստիճան վեր դասվելով Ադրբեջանից: Որևէ կերպ Արցախում այլընտրանքին աջակցելու քայլեր հայաստանյան ուժերի կողմից չեն արվում: Նույնիսկ հայաստանյան ընդդիմության առաջնորդների արցախյան այցերն ավարտվում են միայն իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Իսկ 2012թ. Արցախի նախագահի ընտրություններին որպես դիտորդ Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԱԺ պատգամավորները, որոնց մեջ նաև ընդդիմության ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանը, Արմեն Ռոստամյանը և Խաչատուր Քոքոբելյանն էին, այդպես էլ չհանդիպեցին Վիտալի Բալասանյանի կամ նրա շտաբի որևէ անդամի հետ:

Ո՞րն է պատճառը, որ Թուրքիան այդքան ուշադիր է Հյուսիսային Կիպրոսի կերպարի համար, իսկ հայաստանյան քաղաքական բոլոր շրջանակներն Արցախի համար՝ ոչ: Միգուցե այն, որ մեր հակառակորդը ոչ ազատ Ադրբեջանն է, ոչ թե ժողովրդավարական Կիպրոսը: Իսկ միգուցե հայաստանյան քաղաքական դաշտում Արցախի հետ կապված կաղապարված պատկերացումներ կա՞ն: Այս պարզ փաստարկները ցույց են տալիս, որ Երևանում նույնպես Արցախի հարցում հսկայական աշխատանք կա անելու:

Մեկնաբանել