ԱՊՊԱ առանց կտրոնի

Գալիք տարվա հունվարի 1-ից կարող է դադարեցվել ԱՊՊԱ կտրոնների տրամադրումը, ու կարող է վերացվել այն մեքենաների դիմապակուն փակցնելու պարտադիր պահանջը։ Այս պայմաններում «ստվերային ավտոմեքենաների» հայտնաբերումը նախատեսվում է լուծել ապահովագրողների և Ճանապարհային ոստիկանության հաշվառման բազաների համադրման միջոցով։

Անցած շաբաթ Ազգային ժողովում սկսվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքներում փոփոխությունների քննարկումը։ Օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը հանդես էր եկել դեռևս 2012թ. մարտին, առաջարկը վերաբերում էր տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման կարգի հեշտացմանը։ Փաթեթը, սակայն, մեկ տարվա ընթացքում լրամշակվել է, որի արդյունքում նախատեսվում է վերացնել ԱՊՊԱ կտրոնների տրամադրման և դրանք մեքենաների դիմապակուն փակցնելու պարտադիր պայմանը։

Գալիք տարվա հունվարի 1-ից ԱՊՊԱ կտրոնների պարտադիր առկայության վերացումը հիմնավորվում է նրանով, որ հաշվառման գործող կարգի դրույթների պահանջները էականորեն ազդում են հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա։ Այսպես՝ ներկայում արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու ավտոտրանսպորտային միջոցների պետական հաշվառում անցկացնելը կամ ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում կատարելը։ Ընդ որում՝ տրանսպորտային միջոցի պետական հաշվառում կամ գրանցում իրականացնելիս ԱՊՊԱ պայմանագրի ստուգման և դրա բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն ենթարկելու գործընթացը պահանջում է բավական երկար՝ մոտ տասը օր ժամանակ։

Օրենսդրական փոփոխության ընդունման դեպքում իրավախախտումների հայտնաբերումը կիրականացվի տեղեկատվական համակարգի միջոցով և ոչ թե տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ։ Պարզ ասած՝ 2014-ից Ճանապարհային ոստիկանությունը մատչում է ունենալու ապահովագրական ընկերությունների միասնական բազային, որի տվյալները համադրելով հաշվառման իր բազայի հետ՝ հայտնաբերելու է պայմանագրեր չունեցող ավտոմեքենաները, իսկ վարչական իրավախախտումների տուգանքները ներկայացվելու են փոստային ծառայության միջոցով։

Տեսականորեն, այս կերպ ԱՊՊԱ պայմանագրերի բացակայության վերհանումը կարող է ավելի արդյունավետ լինել։ Սակայն որքանով է այն իրականանալի։

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ավտոտրանսպորտային միջոցի վարումը, եթե դրա համար առկա չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Օրենքով ամրագրված է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը Ավտոապահովագրողների բյուրոյի տրամադրած տեղեկությունների հիման վրա միջոցառումներ է ձեռնարկում այն ավտոտրանսպորտային միջոցների հայտնաբերման և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցի կիրառման ուղղությամբ, որոնք երթևեկում են առանց սահմանված կարգով կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու։

Անցած երկու տարվա արդյունքներից երևում է, որ Ճանապարհային ոստիկանությունը, մեղմ ասած, «հետևողական չի եղել» իրեն վերապահված գործառույթներում։ Ամենամոտավոր հաշվարկներով՝ այս տարվա հունվարի վերջի դրությամբ մոտ 30 հազ. ավտոմեքենա Հայաստանում եղել է «ստվերում»՝ չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։ Նման պայմաններում անհայտ է՝ որքանով Ճանապարհային ոստիկանությունը հետևողական կլինի բազաների համադրման հարցում։

Չի բացառվում՝ ԱՊՊԱ կտրոնները դիմապակուն փակցնելու պարտադիր պահանջի վերացումը է՛լ ավելի խորացնի ստվերայնությունը ոլորտում։ Իհարկե, ապահովագրական ընկերությունները նույնպես մատչում են ունենալու միասնական բազային և իրենք կարող են հայտնաբերել պայմանագրեր չունեցող ավտովարորդներին, սակայն սա ռեսուրսատար աշխատանք է։

Մեկնաբանել