ՀՅԴ երիտասարդները ջահերով երթին միանալու կոչ են անում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի  նախաշեմին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես են եկել հայտարարությամբ` Հայաստանի բոլոր երիտասարդներին հրավիրելով մասնակցել ջահերով ավանդական երթին: Հայտարարությունը ներկայացված է ստորև:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2013թ. ապրիլի 23-ին նախատեսում են կազմակերպել հանրային հավաք և ջահերով ավանդական երթը:

Բոլոր ուսանողական, երիտասարդական կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու մեր այս նախաձեռնությանը։ Սիրելի’ երիտասարդներ, ապրիլի 24-ի նախօրյակին ապացուցենք մեր միասնությունը և մեր անժամանցելի իրավունքներին տեր լինելու վճռական կամքը: