ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ չեն տարբերվում հանրապետականներից. Ռուբեն Հակոբյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր` մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քաղաքական մի շարք ուժերի` Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժման վերաբերյալ արած հայտարարություններին: Նրա խոսքով` քաղաքական ուժերի մի մասը թեև հայտարարում է, թե ժողովրդի կողքին է, սակայն իր հայտարարություններով հակասում է իրեն և վնասում շարժմանը:

«Օրինակ` Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ իրենց հայտարարություններով չեն տարբերվում ՀՀԿ ներկայացուցիչներից, և կան մարդիկ, որոնք ուղղակիորեն պայքարում են այս շարժման դեմ»,- ասաց Հակոբյանը` միաժամանակ վերահաստատելով քաղաքական ուժերի հետ համագործակցելու «Ժառանգության» պատրաստակամությունը:

Անդրադառնալով հարցին, թե «Ժառանգությունը»` քննադատելով հանդերձ երկրի տնտեսական վիճակը, ինչու չի պահանջում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, Հակոբյանն ասաց, որ դա անիմաստ է, քանի որ վարչապետը Հայաստանում ավելի քիչ լիազորություններ ունի, քանի որոշ օլիգարխների թիկնապահները: Նրա խոսքով` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը ներառում է նաև վարչապետի և մյուս իշխանական մարմինների հրաժարականը:

Միաժամանակ` Հակոբյանը կոչ արեց իշխանություններին զերծ մնալ քաղաքական հարցերը քրեական տարրերի միջոցով լուծելու ճանապարհից: