Հաջորդ «Օսկարը»՝ 2014թ. մարտի 2-ին

Մարտի 25-ին կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հայտարարել է «Օսկարի» հաջորդ՝ 86-րդ մրցանակաբաշխության օրը՝ 2014թ. մարտի 2: Շոուն տեղի կունենա «Հոլիվուդ էնդ Հայլենդ» համալիրում, որտեղ տեղակայված է «Դոլբի» կինոթատրոնը: Միջոցառումը կհեռարձակի ABC հեռուստաալիքը: Ավելին՝ կազմակերպիչներն ազդարարել են նաև 87-րդ մրցանակաբաշխության օրը` 2015թ. փետրվարի 22:

«Օսկար» մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ սկսած 1929-ից: Կինոյում նշանակալի հաջողությունների համար մրցանակ հիմնելու գաղափարը պատկանում է ակադեմիայի առաջին նախագահ Դուգլաս Ֆերբենքսին:

«Օսկարը» ասպետի ոսկեզօծ արձանիկ է, որը սուրը ձեռքին՝ կանգնած է կինոժապավենով կծիկի վրա: Արձանիկի հեղինակները նկարիչ Սեդրիկ Գիբոնսն ու քանդակագործ Ջորջ Սթենլին են: Մրցանակի բարձրությունը 33,8 սմ է, քաշը՝ 3,85 կգ: Սկզբնապես այն կոչվել է «Ակադեմիայի պարգև նվաճումների համար», իսկ 1939-ից՝ «Օսկար»: Մրցանակը շնորհվում է 24 անվանակարգում: Հաղթողները որոշվում են ակադեմիայի անդամների գաղտնի քվեարկությամբ: 1934-ից ձայների հաշվարկն իրականացնում է Price Waterhouse Cooper միջազգային աուդիտորական և խորհրդատվական ընկերությունը:

Մեկնաբանել