«Իմաստունների հանձնաժողովը» կօգնի Թուրքիայում քրդերի հետ խաղաղության հաստատմանը

Քուրդ զինյալների` Թուրքիայից հեռանալու գործում մեծ դեր կհատկացվի այս շաբաթ ձևավորվող «Իմաստունների հանձնաժողովին»: Թուրքական Radikal թերթը ներկայացրել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սեղանին դրված» ցուցակը, որում ներառված են նաև Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, «Ակօս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուպյանը, հայտնի լրագրող, Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը:

Ավելի վաղ թուրքական մամուլում լուրեր էին տարածվել, թե Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանն ասել է, որ բացի թուրքերից և քրդերից` հանձնաժողովում պետք է ընդգրկվեն նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այդ թվում` հայեր:

Թուրքական լրատվամիջոցներին ավելի զարմացրել էր այն հանգամանքը, որ ցուցակում նշվում է հայտնի գրող Յաշար Քեմալի, թուրք հայտնի ազգայնական, Թուրքական օջախների նախկին նախագահ Նուրի Գյուրգյուրի և այլոց անունը:

«Իմաստունների հանձնաժողովի» ցուցակը կհստակեցվի այս շաբաթ: Այն կունենա 30 ներկայացուցիչ և կգործի Էրդողանին կամ Արդարադատության նախարար Սադուլահ Էրգինին կից: Հանձնաժողովը կաշխատի հասարակական հատվածի հետ և կաջակցի երկրում խաղաղության հաստատմանը:

Երեկ` մարտի 25-ին, PKK-ի 100-հոգանոց զինյալների խումբը հեռացել է Թուրքիայից:

Մեկնաբանել