Կառավարությունը շարունակում է պետական միջոցներն ուղղել ասֆալտին

Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգմանը գործադիրը նախատեսում է ուղղել Դ267,5 մլն, այն դեպքում, երբ այդ միջոցներով հնարավոր կլիներ փոխել բազմաբնակարան բնակելի շենքերի 20 վերելակ. առավել ևս, որ քաղաքային բյուջեով ասֆալտապատման աշխատանքների համար արդեն իսկ նախատեսված է մոտ Դ4 մլրդ։

Տարածքային կառավարման նախարարությունը կառավարության մարտի 28-ի նիստին ներկայացնելու է որոշման մի նախագիծ, որով առաջարկում է Երևանի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցներից Դ267,5 մլն-ը ուղղել Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Այդ միջոցների հաշվին ծրագրվում է իրականացնել 2,5 կմ երկարությամբ և 13-18 մ լայնությամբ երթևեկելի մասի ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգում՝ փոխելով նաև բազալտե եզրաքարերը։

Ուշագրավ է, որ գումարը հատկացնելու որոշումը «պոստ ֆակտում» է ընդունվելու։ Պարզվում է՝ քաղաքապետարանն արդեն կազմակերպել է աշխատանքների կատարման մրցույթները։ Ընդ որում` եթե հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է Դ363,3 մլն, կապալառու ընկերության հետ կնքվել է Դ267,5 մլն-ի պայմանագիր։

Սա առաջին դեպքը չէ, երբ Երևանի քաղաքապետարանը կառավարությանը կանգնեցնում է փաստի առաջ։

Այսպես` անցած տարի հոկտեմբերին կառավարությունը Երևանի քաղաքապետարանին պահուստային ֆոնդից հատկացրեց Դ4,6 մլրդ։ Գումարն ուղղվելու էր արդեն իսկ կատարված աշխատանքների ֆինանսավորմանը։ Քաղաքապետարանը պատվիրել էր մի շարք փողոցների ասֆալտբետոնյա ծածկի ու եզրաքարերի վերանորոգման աշխատանքներ, և միայն դրանից հետո գործադիրից գումար խնդրել։ Միջոցների հատկացումը ավելի քան «անհասկանալի էր», եթե հաշվի առնենք, որ քաղաքային բյուջեով ասֆալտբետոնյա աշխատանքների համար արդեն իսկ նախատեսված էր Դ4,3 մլրդ։ Բացի այդ՝ Երևանում ամեն տարի ասֆալտապատմանն ուղղվում է մոտ Դ4,5 մլրդ։

Այս տարի ևս մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգմանը և պահպանմանը քաղաքային բյուջեով նախատեսված է ուղղել մոտ Դ4 մլրդ։ Անգամ նման գումարների առկայության պայմաններում լրացուցիչ տրամադրվելու է Դ267,5 մլն։
Ուշագրավ է, որ մեկ փողոցի նորոգմանն ուղղվող գումարը կբավարարեր, ասենք, 20 վերելակ փոխարինելու։ Խնդիրն այն է, որ Երևանում առկա մոտ 4,3 հազ. վերելակներից աշխատում է 4,1 հազ-ը, ընդ որում՝ դրանց մոտ 40%-ը ենթակա է հրատապ փոխարինման կամ արդիականացման։

Վերելակները, իհարկե, համատիրությունների սեփականությունն են, և դրանց անվտանգ շահագործումը, հիմնանորոգումը և փոխարինումը չի գտնվում քաղաքապետարանի անմիջական ենթակայության տիրույթում։ Սակայն հաշվի առնելով համատիրությունների ֆինանսական վիճակը՝ քաղաքապետարանը, ելնելով բնակչության անվտանգության խնդրից, դրանց փոխարինմանը կարող էր մի փոքր ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Եթե հաշվի առնենք, որ մեկ վերելակի միջին գինը կազմում է $30 հազ., ապա Այվազովսկի փողոցի ասֆալտապատմանը մասնավորեցումից ուղղվող միջոցների հաշվին հնարավոր կլիներ փոխել 20 վերելակ։

Մեկնաբանել