Հոլիվուդի «վատ տղա» Տարանտինոն նշում է 50-ամյակը

Հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն մարտի 27-ին նշում է իր 50-ամյակը:

Այս տարիների ընթացքում Հոլիվուդի «վատ տղան» դարձել է իսկական մարդ-կինոստուդիա՝ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ: Նա այդպես էլ չստացավ հատուկ կրթություն. Տարանտինոյի «համալսարանը»  ֆիլմերի վարձույթի կետն էր, որտեղ ապագա օսկարակիրն աշխատել է մի քանի տարի՝ թողնելով դպրոցը: Հենց այնտեղ էլ նա սկսել է սցենարներ գրել:

Տարանտինոյի առաջին մեծ հաջողությունը «Կատաղի շներ» թրիլերն էր, սակայն իսկական հռչակ նրան բերել է «Քրեական ընթերցվածք» ֆիլմը, որի համար 1994թ. ռեժիսորն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» և «Օսկար» մրցանակների:

Այս նվաճումներից հետո Տարանտինոյի ամեն հաջորդ աշխատանքն իսկական իրադարձություն էր: Ռեժիսորի գործերը մշտապես առանձնանում են արտասովոր սցենարներով, դերասանների փայլուն ընտրությամբ և յուրահատուկ հումորով: Ամերիկյան կինոակադեմիկոսները նշել են նաև Տարանտինոյի վերջին՝ «Ջանգո ազատվածը» ֆիլմը: Ռեժիսորը բազմիցս ասել է, որ 60 տարեկանում դադարելու է ֆիլմ նկարահանել:

Իսկ ահա Տարանտինոյի անձնական կյանքն այնքան հաջող չէ, որքան կարիերան: «Իմ կյանքում եղել են հարաբերություններ, որոնք, կարծում էի՝ կբերեն ամուսնության, սակայն չստացվեց», – հարցազրույցներից մեկում ասել է հանրահայտ ռեժիսորը՝ նշելով, որ կնոջ մեջ ամենաշատը գնահատում է հավատարմությունը:

«Դա ինձ համար ամենակարևոր բանն է հարաբերություններում: Ես կիսով չափ իտալացի եմ, որն իմ մեջ արթնանում է, երբ բանը հասնում է հավատարմությանը: Եթե մեկն ինձ դավաճանում է՝ վերջ, դուռն առհավետ փակում եմ այդ մարդու առաջ», – ասել է նա: