Արաբական երկրները մտադիր են պաշտոնապես զինել սիրիական ընդդիմությանը

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) մարտի 26-ին Դոհայում կայացած իր 24-րդ գագաթաժողովին պաշտոնապես հայտարարել է կազմակերպության անդամ երկրների՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի տապալմանը ձգտող սիրիական ընդդիմությանը ռազմական օգնություն տրամադրելու իրավունքի մասին, հաղորդում է Reuters-ը։

Գագաթաժողովի կենտրոնական թեմաներից է եղել սիրիական ճգնաժամը։ ԱՊԼ-ում Սիրիայի՝ 2011թ․ նոյեմբերից դատարկ մնացած տեղը տրամադրվել է Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիային։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի տեղը զբաղեցրել է կոալիցիայի ղեկավար Մուազ ալ Խատիբը։ Կատարի էմիրը հենց նրան, այլ ոչ թե օրերս սիրիական ընդդիմության ժամանակավոր կառավարության ղեկավար ընտրված Հասան Հիտոյին է սիրիացի ժողովրդի անունից խոսելու իրավունք տվել։

Ավելի վաղ Մուազ ալ Խատիբը հայտարարել էր Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարի պաշտոնը լքելու մասին, սակայն ընդդիմադիրները չէին ընդունել նրա հրաժարականը։ Բացի այդ՝ շատերը, նախևառաջ՝ Սիրիայի ազատ բանակը Հասան Հիտոյին որպես վարչապետ չէին ճանաչել։ Այդուհանդերձ, նա եղել է Կատարում ընդդիմության պատվիրակության կազմում։

Ելույթ ունենալով գագաթաժողովի բացմանը՝ Մուազ ալ Խատիբը պահանջել է ընդդիմության ուժերին տրամադրել ՄԱԿ-ում Սիրիայի տեղը։

«Մենք մեր արաբ եղբայրներին ու բարեկամներին խնդրում ենք օգնել մեզ՝ ստանալ Սիրիայի տեղը ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում»,- հայտարարել է նա։ Նա նաև նշել է, որ ընդդիմությունը պետք է միջազգային ասպարեզում փոխարինի Սիրիայի պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչներին։ Ալ Խատիբը պահանջել է նաև սառեցնել «Բաշար ալ Ասադի վարչակարգի» բոլոր հաշիվները։

Նա կոչ է արել ՆԱՏՕ-ին «պաշտպանել» Սիրիայի հյուսիսային շրջանների օդային տարածքը Թուրքիայում տեղեակայված Patriot հրթիռների միջոցով։

ԱՄՆ-ի վարչակազմը մերժել է սիրիական ընդդիմության՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ու ուղղաթիռները կործանելու խնդրանքը։