Ազատական տնտեսությունների ձախողումը

ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային որոշ երկրներ մեծ եռանդով ձեռնամուխ եղան ազատական տնտեսությունների կառուցմանը՝ չերկնչելով նույնիսկ շոկային թերապիայի առջև: Ավելի քան երկու տասնամյակ անց կարելի է պնդել, որ շատ երկրներում ազատական տնտեսությունների կառուցումը ձախողվեց, համենայնդեպս չունեցանք այն, ինչ մտածում էին 90-ականների ռոմանտիկ տնտեսագետները:

Այս ձախողման պատճառները դեռևս բազմաթիվ հետազոտությունների առիթ կդառնան, և տարբեր դասագրքեր կհագենան հետխորհրդային երկրների օրինակներով: Ընդհանուր հասարակագիտական գիտելիքներ ունեցող քաղաքացին կարող է իր կյանքի վերջին երկու տասնամյակների անցուդարձով փորձել հասկանալ իրողությունները: Պետական տնտեսություն, վարչահրամայական կառավարման համակարգ ունեցող երկրից հետո ազատական կուրս բռնելը հետխորհրդային շատ երկրների հասցրեց գաղութային տարածքների մակարդակի: Սա հատկապես երևաց թույլ ու փոքր երկրներում, որտեղ քաղաքական համակարգը կայացած չէ, չկան ազգային շահի վերաբերյալ համակարգված մոտեցումներ, ազատական տնտեսության մասին պատկերացումներն էլ խիստ տեսական մակարդակի են: Այս պայմաններում լիբերալ մոտեցումները պետք է ձախողվեին, իսկ ազատական կուսակցություններն ու գործիչները՝ վարկաբեկվեին:

ԽՍՀՄ տարիների գոյություն ունեցած պետական տնտեսությանը պետք է փոխարիներ շուկայական տնտեսությունը, այնինչ պետական տնտեսությանը փոխարինեց իշխանական տնտեսությունը կամ այլ կերպ ասած՝ օլիգարխիան՝ իշխանական լծակներն օգտագործելով հարստացած անձինք: Ահա լիբերալների ձախողման հիմնական պատճառը: Այն հետխորհրդային երկրներում, որտեղ հստակ տարանջատվեցին բիզնեսն ու իշխանությունը, այդ երկրները հնարավորություն ունեցան զարգացում ապահովել, մարդկային զարգացման ցուցանիշներով նույնիսկ աշխարհում առաջատար դիրքեր ապահովել և անդամակցել ԵՄ-ին: Խոսքը բալթյան երեք հանրապետությունների մասին է: Հայաստանի տիպի երկրներում, երբ իշխանության և բիզնեսի անօրինակ սերտաճում տեղի ունեցավ, տնտեսական ազատությունների և շուկայական տնտեսության մասին խոսելն այլևս ավելորդ էր: Ավելին՝ լայն զանգվածների գիտակցության մեջ մնացել է, որ այդ սերտաճումը տեղի է ունեցել տնտեսության ազատականացման շնորհիվ: Փոքր և թույլ երկրների համար լիբերալիզմը դառնում է գործիք, որը կոմպրադորային բուրժուազիային թույլ է տալիս թալանել երկիրը՝ նրա ընդերքը և այլ հարստություններ դարձնելով հարուստ և ուժեղ երկրների հետաքրքրության առարկա:

Նման պայմաններում հարցի հանգուցալուծման լավագույն տարբերակը սոցիալ-դեմոկրատական մոտեցումներն են: Տնտեսության մեջ պետության չափավոր կարգավորում, այդ թվում՝ մասնակցություն արտադրական հզորությունների և իրական տնտեսության մեջ աշխատատեղերի ստեղծմանը, հանքարդյունաբերության մեջ համախառն հարկերի բարձր տոկոսներ, սոցիալական ամուր համակարգի կառուցում և այլն: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ամենաբարեկեցիկ հասարակությունները, ինչպիսիք են Հյուսիսային Եվրոպայի/Սկանդինավիայի երկրները, գնացել են այս ճանապարհով: Միևնույն ժամանակ, սոցիալ-դեմոկրատական գաղափարները հետխորհրդային հասարակությունների համար առավել ընկալելի են:

Այս ամենին իհարկե պետք է նախորդի Հայաստանում իշխանության ձևավորման սահմանադրական կարգի հաստատումը, առանց որի՝ տնտեսության կազմակերպման վերաբերյալ բոլոր քննարկումները տեսական դաշտից են:

Մեկնաբանել