Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում հանդես կգա «Ավելի լավ Երևան» կարգախոսով: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք կարծում ենք, որ Երևանն ամեն օր պետք է լինի ավելի լավը, քան այսօր: Ավելին` դրա համար արդեն քայլեր կատարվել են: Հաջողության դեպքում, երևանցիների վստահության դեպքում և նրանց քվեն ստանալուց հետո պատրաստ ենք ամեն օր աշխատել Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, որպեսզի մեր քաղաքամայր Երևանը լինի ավելի լավը»,- ասել է նա:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նիստի ժամանակ քննարկվել են հիմնականում ներքաղաքական և ներկուսակցական, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող հարցեր, իսկ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվել:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի նամակագրությանը՝ ՀՀԿ մամուլի խոսնակն ասել է, որ նախագահի մամուլի խոսնակն արդեն սպառիչ պատասխան տվել է այդ հարցին: «Մենք մնում ենք առարկայական երկխոսության կողմնակից, բայց ոչ երբեք մանկական կապրիզության երազանքներ իրականացնող: Վերջնագրերը չեն կարող բավարարվել: Մենք պատրաստ ենք լսելու, բայց մենք, ինչպես ցանկացած բանական ուժ, պատրաստ չենք առաջնորդվել վերջնագրերով կամ քաղաքական կամակորությունների ճանապարհով»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով կառավարության կողմից Պարույր Հայրիկյանի բուժման համար տրամադրված շուրջ 20 մլն դրամ գումարին` ՀՀԿ մամուլի քարտուղարը նշել է, որ Պարույր Հայրիկյանին պետք չէ համեմատել նրանց հետ, ովքեր առողջական կամ ֆինանսական խնդիրներ ունեն: «Պարույր Հայրիկյանը ոչ միայն նախագահի նախկին թեկնածու է, այլև իր կյանքը նվիրաբերել է անկախության համար պայքարին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: