Չինական և հրեական դասեր Հայկական սփյուռքի համար

ԱՄՆ-ի Ուեսլեյան համալսարանի պրոֆեսոր, Սփյուռքում լույս տեսնող «Սփյուռք» (Diaspora) հանդեսի խմբագիր Խաչիկ Թոլոլյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում համեմատականներ է անցկացնում Հայկական սփյուռքի և չինական, հնդկական ու հրեական սփյուռքերի միջև: Թոլոլյանի կարծիքով՝ Սփյուռքի գումարները Հայաստանում արդյունավետ կարող են լինել, եթե ճիշտ ներդրվեն:

Գլոբալիզացիայի, մասնավորապես՝ կոնկրետ հանրության կողմից ներդրումների ուսումնասիրության դեպքում պարզ է դառնում, որ չես կարող ուղղակի փող նետել երկրին, ասել՝ ահա, ունենք 20 միլիոն, եկեք մի բան անենք, և ցրենք գումարը երկրով մեկ: Գումարն արդյունավետ է միայն այն հասարակությունում, որտեղ մարդիկ, որոնք գիտեն երկիրը, պատրաստ են վերցնել այն և ճիշտ օգտագործել: Որքան շատ ենք ուսումնասիրում գլոբալիզացիան և միջսահմանային փոխանցումները, այնքան ակնհայտ է դառնում, որ կարևոր է տեղական անցման կետը՝ այն կետը, որտեղից վերցվում է գումարը և ուղղորդվում կոնկրետ վայրեր: Սա Սփյուռքի շատ կամ քիչ ներդրումներ անելու հարցը չէ, այլ այն, որ Հայաստանում չկային այն անհատական կամ հատկապես կազմակերպչական ենթակառուցվածքները, որոնք վերցնում են գումարը և ուղղորդում ճիշտ ուղղություններով:

1979թ., երբ Դեն Սյաոպինը բացեց Չինաստանի տնտեսությունը, առաջին տասը տարվա ընթացքում դեպի Չինաստան բոլոր ներդրումների 85%-ը գալիս էր Արևելյան Ասիայի չինացիներից՝ Թաիլանդից, Ինդոնեզիայից, Մալայզիայից ու Ֆիլիպիններից: Չինացիներին իրենց բոլոր ներդրումներն ուղղորդեցին Հարավարևելյան Չինաստանի իրենց բարեկամներին: Սկզբում դա հսկայական հաջողություն ունեցավ:

— Դրամական փոխանցումներ՝ մեզ քաջ հայտնի իմաստով:

— Ոչ այդքան դրամական փոխանցումներ, քանի որ դու գումար չես ուղարկում, ասենք, քո հորաքրոջը: Դու գործում ես տեղական մակարդակում և, օրինակ, ասում քո զարմիկին. «Ես քեզ վստահելու եմ, և դու այդ վստահությունը չես չարաշահելու»: Չինական ընտանեկան ցանցերն այնքան հզոր էին, որ նրանք հենց այդպես էլ անում էին: Դա նաև նշանակում էր. «Ես չեմ կառուցելու Չինաստանում գործարան որևէ վայրում՝ իմ ծննդավայրից բացի, որտեղ իմ նախնիների գերեզմանն է, իմ բարեկամներն ու ընտանիքը»: Դա շատ հաջող քայլ էր: Տասը տարի հետո, սակայն, դա սկսեց խեղաթյուրել տնտեսությունը, քանի որ արդյունաբերությունը կենտրոնանում էր մեկ վայրում: Կառավարությունը գիտակցեց, որ դա խնդիր է, և հաջորդ քսան տարվա ընթացքում տեղաշարժեց ներդրումները երկրի այլ մասեր: Այսինքն՝ կառավարությունը պետք է կարողանա համոզել Սփյուռքի բնակչությանը գումար ներդնել այլ վայրերում ևս: Սկզբունքն այն է, թե արդյոք Սփյուռքի գործնական և գիտակից զանգվածը կարո՞ղ է համադրվել տեղացի գործնական և գիտակից զանգվածի հետ. երկուսն էլ խելացի և, իհարկե, վստահելի պետք է լինեն:

— Որո՞նք են Սփյուռքի լուրջ ներգրավվածության մյուս միջոցները հայրենիքում: Դուք բերեցիք Չինաստանի տնտեսության օրինակը:

Զարմանալի չէ, որ հենց այդտեղ է ուղղված ամենաշատ հետաքրքրությունը: Որոշ լավ կազմակերպված սփյուռքերի կողմից, որոնցից ամենահայտնին հրեականն է, փորձեր են արվում ներդրումներ կատարել երկրում: Օրինակ՝ Իսրայելի դեպքում հատկապես Ամերիկայի հրեական սփյուռքը հասկացել է, որ «հրեայի» ապագա սահմանման հարցում որոշ լարվածություն է լինելու ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև: Իսրայելում աջ պահպանողականների և ուղղափառ րաբբիների ազդեցությունն այդ գաղափարախոսական կառույցի վրա գնալով աճում է, ամերիկյան հրեաները սկսել են գումար ներդնել Իսրայելի կրթական կենտրոններում, իսկ իրականում նրանց մեսիջը հետևյալն է. «Մենք պետք է մշակութային առումով ևս ներգրավվենք Իսրայելում, որպեսզի թույլ չտանք, որ նժարը թեքվի աջ»: Նրանք ներդրումներ են անում վերլուծական կենտրոններում և համալսարաններում: Սփյուռքի հրեաները նույնիսկ գովազդային վահանակներ են գնում և գովազդում այն բաների հակառակը, ինչ ասում են աջաթևյան հրեաները: Նրանք պայքարը տարել են այդ ուղղությամբ: Իհարկե, նրանցից ոմանք պայքարը տանում են դեպի սփյուռք:

Սփյուռքի ներգրավվածությունը երկկողմ երթևեկությամբ փողոց է: Հայաստանն ի վիճակի չի եղել Սփյուռքին ներգրավել այս իմաստով, սակայն պետք է նայել՝ որտեղ են մարդիկ ընտրում: Սա կրկին հարց է այն մասին, թե որտեղ կարելի է ուշադրություն սևեռել: Այնպես որ՝ քո ներգրավվածությունն ունի ազդեցություն թե՛ հայրենիքում, թե՛, ինչը կարևոր է, Սփյուռքի բնակիչների վրա, որոնք գալիս, մնում և աշխատում են որոշ ժամանակ: Օրինակ՝ Հնդկաստանի որոշ համալսարաններում փորձ է արվել այնպես անել, որ ամերիկացի հնդիկները կարողանան գալ Հնդկաստան սովորելու, հետազոտություն անելու, ուսուցանելու, նաև նպաստելու, որ որոշ հնդիկներ կարողանան գնալ ԱՄՆ: Այնպիսի բնագավառներ, որոնց մասին մենք չենք մտածում, օրինակ՝ պատմությունը:

Արդյո՞ք պետք է հայոց պատմությունը գրվի Հայաստանում, որին հակված են բազմաթիվ հայ պատմաբաններ, մինչդեռ շատ գիտնականներ ԱՄՆ-ում կարծում են, որ ավելի ճիշտ կլինի՝ իրենք գրեն: Մեր դեպքում նման ներգրավվածությունները բևեռացվել են այնպես, որ օգտակար չէ: Սակայն մենք ուզում ենք, որ լինեն երկկողմ այցեր, որպեսզի մարդիկ հասկանան հեռանկարները: Կցանկանայի, որ ամերիկահայ կամ ոչ հայ պատմաբանները, որոնք պատրաստվում են գրել Հայաստանի մասին, որոշ ժամանակ անցկացնեն Հայաստանում և հասկանան այստեղի մարդկանց: Եվ կցանկանայի, որ հայ պատմաբաններն էլ բավարար անգլերեն սովորեն և այցելեն ԱՄՆ՝ ծանոթանալու մյուսների տեսակետին:

Զրուցել է Սալբի Ղազարյանը

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Civilnet.am կայքում: