Սուրեն Խաչատրյանը Կապանում չայցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` ապրիլի 1-ին, իր մարզային հանրահավաքների շարքը սկսեց Կապանից: «Սուրիկ Խաչատրյան, ես այստեղ եմ, ժողովուրդը նույնպես, եկե՛ք»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ դիմելով Սյունիքի մարզպետին, որը նրա հորը՝ Ռիչարդ Հովհաննիսյանին, մեղադրել էր պատմությունը կեղծելու մեջ և հայտարարել, թե ամբողջ Հայաստանի առաջ կջարդի Րաֆֆի Հովհաննիսյանի գլուխը:

Նա հայտարարեց, որ պատրաստ սպասում է Սյունիքի մարզպետին, վերջինս սակայն չներկայացավ: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը մի շարք այլ մարզպետների թվում պահանջում է նաև Սյունիքի մարզպետի հրաժարականը:

Կապանցի մի կին հարցրեց, թե ուր էր Հովհաննիսյանը Արցախի ազատամարտի տարիներին և ինչու զենք չի վերցրել, ինչին «Ժառանգության» ղեկավարը պատասխանեց, որ այդ ժամանակ ճակատի վրա էր, բայց ոչ զենքով, այլ տեսախցիկով: Այնուհետ հանրահավաքի մի շարք մասնակիցներ վանկարկեցին` հեռացեք` դիմելով «Ժառանգության» ներկայացուցիչներին: Հովհաննիսյանը բացականչողներին որակեց սադրիչներ և Սյունիքի մարզպետի ուղարկած անձինք:

Հանրահավաքի վերջում ոստիկանները հայտարարեցին, որ Հովհաննիսյանի հանրահավաքի մասին Կապանի քաղաքապետարանում ծանուցում չի ստացվել, և հավաքն անօրինական է:

Հովհաննիսյանը ներկայացրեց նաև իր առաջիկա օրերի գործողությունների ծրագիրը, համաձայն որի՝ առաջիկա 4 օրը կլինի բոլոր մարզերում, ուրբաթ` ապրիլի 5-ին` ժամը 18:00-ին, կազմակերպչական վերջին հանրահավաքը կլինի Ազատության հրապարակում, և արդեն ապրիլի 9-ին` ժամը 11:00-ից Ազատության հրապարակում կմեկնարկի «նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը»:

«Ժառանգության» առաջնորդը հանրահավաքից հետո ներկաների հետ շարժվեց դեպի եկեղեցի՝ մեռելոցի պատարագին մասնակցելու:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հովհաննիսյանը Կապան էր այցելել փետրվարի 27-ին:

Մեկնաբանել