Կառլա Բրունիի «անդաստիարակ պինգվինը» հնարավոր է՝ Օլանդն է

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կառլա Բրունին, թողարկել է նոր ալբոմ, որը կոչվում է «Ֆրանսիական երգեր»: Ալբոմի պաշտոնական թողարկումը դեռ հետաձգվում է, սակայն դրա բովանդակությունն արդեն գրավել է լայն հանրության ուշադրությունը: Պատճառը «անդաստիարակ պինգվին, պարոն «Ոչ այո, ոչ ոչ»-ի մասին երգն է, որում նկատվում է երկրի գործող նախագահ Օլանդին ծաղրելու Բրունիի ցանկությունը:

«Արտաքինից նա լուրջ է և կարևոր, սակայն ես գիտեմ, որ նա զուրկ է թագավորական վարքուբարքից,- երգում է Բրունին: -Ոչ տաք է, ոչ սառը, ոչ այո է, ոչ՝ ոչ: Նայի՛ր, պինգվի՛ն, դու մենակ ես քո այգում»:

Ըստ լրագրողների՝ պինգվինի համար արտասովոր վայր «այգին» հղում է անում Օլանդի առաջին պաշտոնական լուսանկարին, որտեղ նա պատկերված է իր նոր նստավայրի այգում:

Ապահովության համար Բրունին արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ «չար լեզուների ասեկոսեները անհիմն են, և քաղաքական երգիծանքի մասին խոսք անգամ լինել չի կարող»:

«Այս երգն անդաստիարակ, վանող մարդկանց մասին է, որոնք ինձ համար հասկանալի չեն», – պարզաբանել է Կառլա Բրունին:

Երգչուհու չորրորդ ալբոմի թողարկումն ակնկալվում էր դեռ 2011թ., սակայն Ֆրանսիայում նախագահական ընտրությունների պատճառով Սարկոզիի կինը ստիպված էր դադարեցնել իր երաժշտական կարիերան՝ չցանկանալով, որ նոր ալբոմի լույս ընծայումը համընկնի ամուսնու նախընտրական քարոզարշավի հետ: