Գորիսում վախն ընդգծված է. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային այցելությունների շրջանակում այսօր՝ ապրիլի 1-ին, Կապանից հետո այցելեց Գորիս: Քանի որ այստեղ հանրահավաք նախատեսված չէր, Հովհաննիսյանը շրջեց քաղաքում:

Ժառանգության ղեկավարը գորիսցիներից մեկի բակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Գորիսում վախն ընդգծված է, և շատ քաղաքացիներ իրեն թիկունքով են բարևում:

«Գործող մարզպետը և իրենց այլ արբանյակները վախ են սփռել Գորիսում»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե Հովհաննիսյանի առաջարկները` ուղղված գործող նախագահ Սերժ Սարգսյանին, հակասահմանադրական են՝ «Ժառանգության» առաջնորդը նշեց, թե Թովմասյանի պահվածքը Սահմանադրական դատարանում շատ ավելի հակասահմանադրական էր:

Հարցին, թե ներկայում ինչպիսի աջակցության կարիք ունի ինքը, Հովհաննիսյանը նշեց, որ որևէ բանի պակաս չունի, սակայն ակնկալում է ժողովրդի մեծամասնության աջակցությունը: