Խորվաթների կեսից պակասն է վստահ, որ եվրոպական ընտրությունը ճիշտ է․ հարցում

Խորվաթիայի քաղաքացիների 45,1%-ն է վստահ, որ իր երկրի եվրոպական ընտրությունը ճիշտ է, վկայում են խորվաթական Ipsos Puls գործակալության՝ Nova TV հեռուստաալիքի համար իրականացրած հարցաման արդյունքները։

Համաձայն հանրային կարծիքի ուսումնասիրության՝ հարցվածների 26,6%-ը Եվրամիությանն անդամակցությունը համարում է միաժամանակ և՛ դրական, և՛ բացասական քայլ, ևս 25,6%-ը եվրաինտեգրմանը բացասաբար է վերաբերվում։

Հարցին, թե հետաքրքրվում են արդյոք խորվաթները Եվրամիությունում կատարվող իրադարձություններով, հարցման մասնակիցների 57,3%-ը պատասխանել է «այո»։ 40,8%-ը հայտարարել է, որ իրեն չի հուզում Եվրամիությունում կատարվողը, իսկ 1,8%-ը նշել է, որ այս կապակցությամբ կարծիք չունի։

Որպես առավելություններ, որ Խորվաթիան կստանա Եվրամիությանն անդամակցությունից, երկրի քաղաքացիների մեծ մասն առանձնացրել է արտասահմանում կրություն ստանալու հնարավորությունը (76%), ԵՄ երկրներում աշխատանք գտնելու հեռանկարը (72%), ազատ ճամփորդելու հնարավորությունը (65%)։ Բացի այդ՝ խորվաթներին Եվրամիությունում գրավում են դատական վեճերի արագ լուծումը (59%), ավելի ցածր գնով ավտոմեքենա գնելու հնարավորությունը (52%), արդյունավետ կառավարումը (46%), ինչպես նաև վարկերի ցածր տոկոսադրույքները (41%)։

Մյուս կոսմից՝ Խորվաթիայի քաղաքացիները մտավախություն ունեն, որ Եվրամիությանն անդամակցությունը կհանգեցնի սննդամթերքի և այլ ապրանքների թանկացման (45%), անշարժ գույքի գների բարձրացման (35%) և հավելյալ դժվարությունների աշխատանք փնտրելիս (32%)․ չէ՞ որ այժմ խորվաթական շուկան բաց կլինի ԵՄ բոլոր երկրների համար։

Խորվաթիան այս տարվա հուլիսի 1-ին կդառնա Եվրամիության 28-րդ անդամը և նախկին Հարվսլավիայի՝ Միությանն անդամակցած երկրորդ հանրապետությունը Սլովենիայից հետո։

Մեկնաբանել