Ճարտարապետները պահանջում են դատական գործ հարուցել Փակ շուկայի սեփականատիրոջ նկատմամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մարտի 29-ին հանձնվել է քաղաքապետին առընթեր ճարտարապետական հանձնաժողովի խմբակային դիմումը Երևանի կենտրոնական ծածկած շուկայի ճակատագրի վերաբերյալ:

Նամակում, որը տեղադրված է Հայաստանի ճարտարապետների միության Ֆեյսբուքի էջում, մասնավորապես ասված է. «Մենք` քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամներս, քաջատեղյակ ենք Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի խեղման հանդեպ քաղաքապետարանի և անձամբ Ձեր անհանդուրժողական դիրքորոշմանն ու նաև կիրառած վարչական պատժամիջոցներին: Սակայն շուկայի սեփականատիրոջ ցուցադրական անհնազանդությունը, օրինազանցության հարաճուն շարունակականությունը ու դրա հետ մեկտեղ հանրության զանգվածային բողոքարկումների հանդեպ պետական ատյանների թևաթափ կեցվածքը մտահոգիչ են ու անբացատրելի: Ճիշտ է, լիազոր բոլոր մարմինները կազմել են գործառույթը դատապարտող պատշաճ արձանագրություններ, սակայն դրանք բոլորն ի վերջո խորհուրդներ են միայն և ոչ պարտադրանք: Տպավորությունն այնպիսին է, կարծես սեփականատերը ապահովագրված է անպատժելիության զորավոր մուրհակով:

Մինչդեռ զավեշտալի այս ներկայացմանը վերջակետ դնելու համար գոյություն ունի օրենսդրական հստակ ճանապարհ: Այն է` Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան պետության պահպանության տակ վերցված Կենտրոնական ծածկած շուկայի հետ կատարվածը որակավորել որպես մշակութային վանդալիզմ, իսկ սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքերով, պահանջելով նրանից հուշարձանին հասցված վնասի հատուցում ու զրկելով նրան գուքի նկատմամբ սեփականության իր իրավունքից: Այնուհետև Մաշտոցի պողոտայի Ծածկած Շուկան ազգայնացնել ու վերադարձնել Երևանի համայնքին:

Սա միակ օրինական ելքն է ստեղծված իրավիճակից արժանապատվությամբ դուրս գալու համար: Եվ քանի որ երևույթի հանդեպ ըմբոստացողը հանրությունն է, ապա և քրեական գործը, բնականաբար, պետք է հարուցի հանրային շահերը ներկայացնող ատյանը` քաղաքապետարանը: Սա ոչ միային մեր, հանձնաժողովի անդամների, այլև մտահոգ ողջ հանրության պահանջն է, ուղղված պետական ատյաններին, այդ թվում Երևանի քաղաքապետարանին:

Հարգանքով ու հստակ գործողությունների ձեռնարկման ակնկալիքով`

Հանձնաժողովի անդամներ` Մկրտիչ Մինասյան, Լևոն Ղալումյան, Ալբերտ Զուրաբյան, Գուրգեն Մուշեղյան, Սաշուր Քալաշյան, Ասլան Մխիթարյան, Լևոն Վարդանյան, Աշոտ Ալեքսանյան, Սարգիս Սարդարյան, Ալեքսանդր Բադալյան, Կարո Այվազյան, Արսեն Առուստամյան, Գագիկ Հովհաննիսյան, Հարրի Ռաշիդյան, Հրաչյա Վարդանյան»:

Մեկնաբանել