Նախագահին ծաղրած եգիպտացի հաղորդավարը բաց է թողնվել գրավի դիմաց

Եգիպտոսի դատախազությունը հարցաքննությունից հետո գրավի դիմաց ազատ է արձակել հաղորդավար և երգիծաբան Բասեմ Յուսեֆին. նա մեղադրվում է երկրի նախագահ Մուհամադ Մուրսիին և իսլամը վիրավորելու մեջ:

Մարտի 31-ին Յուսեֆը դատախազություն է եկել լայնեզր գլխարկով՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին կրում են բուհերի շրջանավարտները դիպլոմ ստանալու հանդիսավոր արարողությանը: Այսպիսով Յուսեֆը կրկին ծաղրել է Մուհամադ Մուրսիին, որը վերջերս դոկտորական աստիճան է ստացել Պակիստանում:

Բասեմ Յուսեֆի «Ծրագիր» հաղորդումը հեռարձակվում է CBC արբանյակային ալիքով, որը ամերիկյան Daily Show հումորիստական հաղորդման համարժեքն է: Յուսեֆը պարբերաբար ծաղրում է եգիպտացի քաղաքական ու կրոնական գործիչներին և լրատվամիջոցներին:

Հաղորդավարի հասցեին հնչել են բազմաթիվ բողոքներ, որոնք դատախազությանը ստիպել են դիմել վճռական քայլերի: Լրագրողը, մասնավորապես, մեղադրվում է իսլամի և Մուրսիի հասցեին քամահրական, անտեղին կատակներ անելու և հասարակական կարգուկանոնը խանգարելու մեջ:

Մեկնաբանել