Ս. Սարգսյանին ինքնակամ ընտրած քաղաքացիները փոքրամասնություն են. Ր. Հովհաննիսյան

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային այցելությունների շրջանակում Արարատ ուղևորվելու ճանապարհին այցելեց նաև Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաք, որտեղ շնորհակալություն հայտնեց բնակիչներին աջակցության համար:

«Ժառանգության» ղեկավարը հայտարարեց, որ սա սոսկ իր պայքարը չէ, այլ «յուրաքանչյուր հայ մարդու ընտանիքի պայքարն է»:

«Ես ձեզ հետ միասին պետք է ապրեմ տեսնելու այն օրը, երբ մեր քաղաքը, երկիրը կպատկանի հայ ժողովրդին»,- ասաց Հովհաննիսյանը:

Հանդիպմանը ներկա մի կին դիմեց նրան` ասելով, թե փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ինքը քվեարկել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին և կոչ արեց Հովհաննիսյանին պայքարը տանել դեպի խաղաղություն ու համախմբվել գործող նախագահի շուրջը, ինչին ի պատասխան` Հովհաննիսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանին ինքնակամ ընտրած քաղաքացիները փոքրամասնություն են կազմում:

«Այս ընտրությունները կատարվել են համատարած գողության և ուղղորդման հաշվին, թույլ տվեք չհամաձայնել. նախագահը պետք է լինի ոչ թե Աստծո, այլ ժողովրդի ընտրյալը»,- ասաց Հովհաննիսյանը՝ համաձայնելով այն մտքին, որ չպետք է ժողովրդին բաժան անել:

«Սերժ Սարգսյանը պետք է պահը գնահատի, ընդունի իրեն շրջապատող մարդկանց սխալը և գնա կես ճանապարհ հայ ժողովրդի հետ»,- ասաց նա` այնուհետ ուղևորվելով Արարատ: