Ամերիկան տղամարդկանց կարիքն է զգացել

Անձնակազմի կառավարման ոլորտում լուծումներ առաջարկող Kelly Services միջազգային ընկերության ղեկավար Կառլ Կեմդենը ռուսական «Վեդմոստի» պարբերականի իր հոդվածում նշում է, որ ԱՄՆ-ում վերանում են տղամարդ աշխատակիցները։

Պատմականորեն այնպես է ստացվել, որ արդյունաբերական զարգացած երկրներում միշտ էլ գենդերային խնդիրներ են եղել. կանայք ենթարկվել են խտրականության։ Խտրականությունն արմատախիլ անելու համար նախ հարկավոր էր աշխատանքի շուկայում օրինականացնել կանանց, ապա սահմանել քվոտաներ՝ բարձրացնելով նրանց մասնաբաժինը ընկերություններում։

Հետո խնդիրը սկսեց կարգավորվել առանց բյուրոկրատական ճնշման. իրենց հարգող երկրներում ավելի լավ աշխատակիցներ ներգրավել ձգտող ընկերությունները սկսեցին կանանց աշխատանքի ընդունել նախևառաջ նրա համար, որ նրանցում տեսան տաղանդներ։

Բիզնեսում կանանց մասնաբաժնի ավելացման համար այլ պատճառներ էլ կային։ Երկրորդ աշխարհամարտից հետո աշխատակիցների պակաս կար։ Ամերիկան ողողված էր պաստառներով, որոնք կանանց առաջարկում էին բարի մայր և կին մնալով՝ ստանալ բարձրագույն կրթություն, գնալ արտադրամաս և կառուցել սեփական կարիերան՝ տղամարդկանց հավասար։

90-ականներին և 2000-ականներին տնտեսապես զարգացած երկրներում գենդերային դիսբալանսի վերացման համար կանանց աշխատանքի հրավիրեցին խոշոր ընկերությունների ղեկավար պաշտոններում։ Ինչպես հավանաբար գիտեք, բիզնեսում կանանց մասնաբաժնի բարձրացմանն ուղղված պետական օրենքներ արդեն կան եվրոպական որոշ երկրներում, թեև Եվրախոհրդարանն անցյալ տարի մերժեց համապատասխան օրինագիծը Եվրամիության մակարդակով։

ԱՄՆ-ում իրավիճակը մի փոքր այլ է։ Այսօր Ամերիկայում վերանում են տղամարդ աշխատակիցները։ Եթե Երկրորդ աշխարհամարտից հետո աշխատում էր աշխատունակ տղամարդկանց 95%-ը, ապա այժմ միայն 80%-ն է զբաղված։ Աշխատաշուկայում նրանց տեղը գրավել են հաջողակ կանայք։

Բիզնեսին պետք են միայն բարձր որակավորում ունեցող մասնագետներ. ցածր որակավորում պահանջող աշխատանքը վաղուց արդեն ավտոմատացվել է. իսկ ԱՄՆ-ում հենց կանայք են ավելի կրթված, քոլեջների շրջանավարտների 60%-ը կանայք են, և միայն 40%-ը՝ տղամարդիկ։

Ահա թե ինչու ենք մենք այժմ ամերիկյան համալսարաններում տղամարդկանց հատուկ դասընթացներ բացում։ Չնայած սա էլ բավարար չէ։ Գենդերային հավասարակշռության մասին մտածել է հարկավոր՝ սկսած դպրոցից։ Օրինակ՝ Դետրոյթի աղքատ թաղամասերում այսօր տղաների հազիվ 1/3-րդն է լիակատար միջնակարգ կրթություն ստանում։ Ամերիկյան կորպորացիաներին անհրաժեշտ է քաղաքային աղքատ շրջանների համար ստեղծել հատուկ ծրագրեր, որոնք տղաներին կխթանեն սովորել դպրոցում, ավարտել այն, ապա ստանալ գիտական աստիճան։ Ըստ էության՝ այսօր տղամարդկանց համար անհրաժեշտ են այնպիսի արշավներ, ինչպիսիք 60-ականներին, 70-ականներին ու 80-ականներին արվում էր կանանց համար։

Մեկնաբանել