Ր. Հովհաննիսյանն Արարատի քաղաքապետին մի քանի րոպե ժամանակ տվեց

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպումների շրջանակում այսօր՝ ապրիլի 1-ին, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից հետո այցելեց Արարատ:

Հովհաննիսյանը, անդրադառնալով Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հայտարարությանը, թե նա կվռնդի իրեն Արարատից, ասաց, որ Արարատի քաղաքապետին պատասխան տալն իր խնդիրը չէ, այլ ժողովրդի գործն է: Նա հայտարարեց, որ Աբրահամ Բաբայանին ինքը մի քանի րոպե ժամանակ է տալիս` ներկայանալու և իր հետ բանավիճելու համար:

«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ իր հետ ներկա են ազնիվ և «հողի» մարդիկ, որոնք ի տարբերություն շատ մարզպետների, քաղաքապետների և այլ անձանց՝ հանրային համայնքը չեն սեփականացրել:

«Ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը, որ Նժդեհ է մեջբերել՝ հեգնելով Նժդեհին, հենց ինքն է Նժդեհի թշնամին»,- ասաց նա՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե ՀՀԿ-ում նորմալ մարդիկ չկան, սակայն իրենց պահը` որպես մեծամասնություն անցել է: «Իրենց հերթն է լինել փոքրամասնություն և ընդդիմություն»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նաև կոչ արեց իշխանություններին դուրս գալ փակուղուց և ժողովրդի հետ վերևից խոսելու սովորությունից:

Հովհաննիսյանը հայտարարեց, որ Գեղարքունի և Սյունիքի միջև Արարատն այն մարզն է, որտեղ տեղի ունեցան բռնարար և հակաազգային ընտրություններ, սակայն չկարողացան կոտրել ժողովրդին:

«Մենք ձեռք չենք բարձրացնելու որևէ մեկի վրա, բայց պաշտպանելու ենք մեր միասնությունը վախի, սպառնալիքի և դե ֆակտո իշխանության դեմ»,- ասաց Հովհաննիսյանը` հայտարարելով, թե «Սերժը և Րաֆֆի թող կորչեն, բայց հայ մարդը, հայ քաղաքացին թող մնա իր հայրենիքում»: