Սեուլը կոշտ պատասխան է խոստանում Փհենյանի սադրանքներին

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն այսօր՝ ապրիլի 1-ին, հայտարարել է, որ իր երկիրը կոշտ և արագ պատասխան կտա Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) կողմից ցանկացած սադրանքի՝ անկախ քաղաքական հետևանքներից, հաղորդում է Euronews-ը։ Հաղորդվում է, որ Սեուլը մշակել է ծրագիր, որը նախատեսում է Հյուսիսային Կորեային նախազգուշական հարվածներ հասցնելու հնարավորություն։

Մարտի 30-ին Փհենյանը հայտարարել էր, որ կորեական երկու պետությունների միջև հարաբերություններն անցել են «պատերազմական վիճակի»՝ չբացառելով «լիամասշտաբ» կամ անգամ «միջուկային» պատերազմի հնարավորությունը։

Միաժամանակ՝ ԱՄՆ-ը Հարավային Կորեա է ուղարկել երկու F-22 Raptor կործանիչ, որոնք կմասնակցեն ամերիկա-հարավկորեական զորավարժություններին։

Կորեական թերակղզում լարվածությունը սրվել է Փհենյանի՝ այս տարվա փետրվարին իրականացրած հերթական միջուկային փորձարկումից և ԱՄՆ-ի ու հարավկորեացիների համատեղ զորավարժությունների շրջանակում հյուսիսկորեական սահմանի մերձակայքում ամերիկյան ռմբակոծիչների ցուցադրական թռիչքներից հետո։