Քաղաքագիտական հակադիր կարծիքներ Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարության մասին

Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցրեց մինչև Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, արդյո՞ք նա Ազատության հրապարակը հանձնեց իշխանություններին. այս հարցերին «Ա1+»-ի հետ զրույցում պատասխանել են քաղաքագետները:

«Ճիշտ վարվեց, եթե տակտիկական հնարները, մարտավարական հնարքները պարզ են, ապա դիմացինը համապատասխան գործողության սցենար է կազմում, և մեզ մոտ մենք գիտենք` դա ինչ է` թրըխկ-շրըխկ, ջարդենք-փշրենք, վերջանա-գնա: Նա խուսանավումի մարտավարություն է վարում»,- ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Քաղաքագետը չի կարծում, թե թողնելով հացադուլն ու լքելով Ազատության հրապարակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հիասթափեցրել է իր համակիրներին և ընտրազանգված կորցրել. «Սա մի պայքար է ազգային ինքնագիտակցության վերածննդի, մարդկանց մտածելակերպի փոփոխության պայքար: Նրա գործածած հայեցակարգերը հասկանալի են միայն նրանց, որոնք գիտեն քաղաքական պատմություն»։

Պարոն Շիրինյանը համոզված է` համապատասխան աշխատանքի և համբերության դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի հասնել փոփոխությունների։

Քաղաքագետ Գեղամ Նազարյանի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակը չի հանձնել, քանի որ երբեք էլ իրենը չի եղել; «Րաֆֆի Հովհաննիսյանն այն չի վերցրել, այնտեղ նա պարզապես հացադուլ, սովադուլ, վախադուլ և այլ «դուլ»-երի մեջ էր նա և որոշեց վերջացնել ոչ թե ապրիլի 9-ին, այլ ավելի շուտ: Կարծում եմ՝ պատճառը նա է, որ նա արդեն իսկ հասկացավ, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ոչ հրաժարվել նախագահի պաշտոնից, և ոչ էլ երդման արարողությունից»։

Ի տարբերություն Լևոն Շիրինյանի, Գեղամ Նազարյանը կարծում է, որ հանրահավաքից հանրահավաք մարդիկ ավելի ու ավելի էին հիասթափվում Րաֆֆի Հովհաննիսյանից։

«Եթե այսպես նա շարունակի, ապա շատ արագ նա կկորցնի իր վարկանիշը և կհայտնվի քաղաքական դաշտի այն հատվածում, որտեղ գտնվում են անհաջողակները, և որոնք ոչինչ չեն կարող փոխել առկա իրավիճակում»,- ասել է նա։