Շատ դեպքերում անակնկալների շնորհիվ է, որ հաջողությունների ենք հասնում. Հ.Խուրշուդյան

Քաղաքականությունը բացառապես բարոյական է, երբ դրանով զբաղվում են բարոյական մարդիկ. «Ա1+»-ի հյուրասրահում նշեց «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Ըստ նրա՝ գուցե դժվար է հասկանալ Րաֆֆի Հովհաննիսյանի ռազմավարությունը, սակայն իրենք էլ ճիշտ չեն համարում խոսել նրա որոշումների մասին կանխավ: «Բոլոր քայլերը չէ, որ հիմիկվանից նպատակահարմար է բացահայտել. շատ դեպքերում անակնկալների շնորհիվ է, որ հաջողությունների ենք հասնում»,- նշեց նա:

Ըստ Խուրշուդյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, սակայն ստադուլը, վախադուլը շարունակվում է: «Մենք պետք է զերծ մնանք ստից, կեղծիքից ու վախից՝ նույնիսկ այսօր՝ ապրիլի 1-ի օրով»,- նշեց նա:

Հովհաննիսյանը չէր «գրավել», հիմա էլ չի «ազատել» Ազատության հրապարակը: «Ցանկացած ոք ազատ է կազմակերպել հանրահավաքներ, իր խոսքն ասել, որևէ մեկը Ազատության հրապարակը բրոնյա չի արել,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ խանդի խնդիր չկա և չի էլ լինի: «Միշտ չէ, որ ով գալիս է հրապարակ, քվեարկելու է այդ քաղաքական ուժի օգտին, հաճախ գալիս են ուղղակի լսելու»,- ասաց նա:

Խուրշուդյանը նշեց, որ «Ժառանգությունը» հարցումներ է պատվիրել Հայաստանում ոչ հայտնի, «բարեխիղճ սոցիոլոգների»: «Մենք ունենք բարեխիղճ սոցիոլոգների կատարած ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց, Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն»-ը, որի ցուցակի առաջին տեղում Արմեն Մարտիրոսյանն է, առաջինն է»,- ասաց նա:

Մեկնաբանել