Փաստաբանները հուսահատության մեջ են, և չեն կարող ոչ մի բան խոստանալ. ՄԻՊ

Իմ խնդիրը մեր երկրի ցավերը հավաքելն է, և ես իմ հետազոտությունների ժամանակ նկատել եմ, որ մեր երկրին պակասում է հաց ու արդարություն. նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում:

Անդրադառնալով ՄԻՊ-ի զեկույցին ի պատասխան հրապարակված պատասխաններին ու քննադատություններին՝ նա նշեց, որ դա «ցավալի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»: Ըստ նրա՝ եվրոպացի գործընկերներն ամեն անգամ, երբ գերատեսչություններից պատասխան է ստացվում, չեն կարողանում թաքցնել զարմանքը, քանի որ իրականում «օմբուդսմենի զեկույցին չեն պատասխանում, չեն քննադատում որևէ զարգացած երկրում, այլ հաշվի են առնում նշված թերություններն ու փորձում հնարավորինս արագ շտկել դրանք»: «Ես դեռ իրական պատկերը զեկույցում չեմ ներկայացրել այնքան բացասաբար, որքան իրականում կա՝ մասնավորապես դատարանների նկատմամբ անվստահության առումով: Հասարակության մեջ 70 տոկոս անվստահություն է: Փաստաբաններն էլ ծայրահեղ հուսահատության մեջ են, և չեն կարող ոչ մի բան խոստանալ, քանի որ դատավորներն էլ, վախենալով վճռաբեկ դատարաններից, կարող են արցունքն աչքերին ասել, որ այո, ապօրինություն են անում, ստիպված են»,– ասաց նա՝ հավելելով, որ բոլոր ռեսուրսներով պայքարում են, որպեսզի դատարաններն իրականում անկախ լինեն:

«Հիմա դատարանները բրգաձև համակարգի մի խմբի կրունկի տակ են՝ մասնավորապես առաջին և երկրորդ ատյանի դատավորները: Եվ այս դատավորները ավելի ծանր վիճակում են, քան մեր շարքային քաղաքացիները, ովքեր երբեմն-երբեմն են շփվում այդ խնդիրների հետ, իսկ նրանք՝ ամեն օր, անընդհատ, ստիպված են ընդունել իրենց հասցեին հնչող քննադատությունը, սակայն պիտի շարունակեն աշխատել այդ համակարգում»,- ասաց նա՝ նշելով, որ չի կարող բացահայտել բուրգի գագաթին կանգնածների անունները, քանի որ իր տվյալները ստացվել են անանուն ինֆորմատորների կողմից՝ փաստաբանների, համակարգի այլ աշխատակիցների հետ զրույցներում, և որպես պաշտպան՝ ինքը իրավասու էլ չի հրապարակել նրանց անունները:

«Չկան երկրներ, ուր դատարանների դեմ պայքարը ապարդյուն չէ: Կա հարց՝ ո՞վ է դատում դատավորներին: Դատավորներին դատում է հասարակությունը, և մենք հիմա փորձում ենք միացնել այդ հանրային հսկողության աչքը,- ասաց նա:- Մենք, եթե ուզենք այդ բույնը քանդել, մենք պիտի հասկանանք, ոնց է ճնշում վճռաբեկը հասարակ դատավորներին»: Մեխանիզմի բացահայտումը, ըստ նրա, հնարավոր է մամուլում հրապարակված և չհերքված բազմաթիվ հոդվածների վերլուծությամբ:

Անդրադառնալով տնտեսական ոլորտում տիրող անառողջ մթնոլորտին՝ Կարեն Անդրեասյանը նշեց, որ խոցելի է ցանկացած ձեռնարկություն, քանի որ ՊԵԿ-ը կարող է ընտրողաբար մոտենալ իր ցանկացած սուբյեկտին: «Այն օրը, որ դու կցանկանաս բիզնես անել, դու պիտի գտնես լուրջ հովանավոր: Եվ ամենամեծ հովանավորչությունը, որ անում է, դա, մենք նկատել ենք, ՊԵԿ-ն է անում: Մենք մի քիչ չափազանցնում ենք, կան բիզնեսներ, որ գործում են անկախ: Բայց դրանք որոշակի կետից վեր չեն աճում: Այ դրա մասին էլ ես բարձրաձայնում եմ»,- ասաց նա:

Մեկնաբանել