Արտաքին պահանջարկի կրճատումն ու մետաղների գների նվազումը զսպում են տնտեսական հեռանկարները

Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) հրապարակել է «ԱՊՀ մակրոմոնիտոր» հերթական զեկույցը, որն ընթացիկ տարում Հայաստանի համար տնտեսական աճի տեմպի դանդաղում է կանխատեսում՝ պնդելով, որ երկրից արտահանվող ապրանքների գների նվազումը համաշխարհային շուկայում բացասաբար կանդրադառնա արդյունաբերության, արտահանման և հարկային եկամուտների վրա։

Բանկի մասնագետները նշում են, որ այս տարվա հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվությունը մեծացել է մինչև 9,1%, ինչը վկայում է տնտեսության վերականգնման մասին։ Չնայած մեծ բազայի՝ տպավորիչ աճ է արձանագրվել արդյունաբերությունում (18,8%), ծառայությունների (7,7%) և առևտրի (5,7%) ոլորտներում։ Կայուն ներքին պահանջարկն ու արդյունաբերության աճը, հատկապես արտահանման ուղղվածություն ունեցող սեգմենտում, շարունակում են տնտեսական աճի հիմնական շարժիչը մնալ։ «Եթե արդյունաբերության և արտահանման աճի ներկայիս տեմպերը պահպանվեն առաջին կիսամյակում, ապա հնարավոր կլինի խոսել տնտեսության կառուցվածքի փոփոխության մասին»,– նշվում է զեկույցում։

Մյուս կողմից՝ համաշխարհային տնտեսությունում, մասնավորապես եվրոգոտում աճի տեմպի դանդաղման պայմաններում հնարավոր է Հայաստանի տնտեսության աճի տեմպի դանդաղում։ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պահպանողական կանխատեսումներով՝ 2013թ. Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,6%, այն դեպքում, երբ կառավարությունն ակնկալում է 6,2%։

Ըստ բանկի մասնագետների՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղում կարող է տեղի ունենալ արտաքին պահանջարկի կրճատման և համաշխարհային շուկայում մետաղների գների նվազման հետևանքով։

Մյուս կողմից՝ թույլ համաշխարհային տնտեսությունն իր ազդեցությունը կթողնի Ռուսաստանի տնտեսության վրա, որը Հայաստանի տնտեսություն ուղղվող ուղղակի ներդրումների և մասնավոր փոխանցումների հիմնական աղբյուրն է։ Սա, իր հերթին, ինչպես ներքին, այնպես էլ սպառողական ու ներդրումային պահանջարկի թուլացման լրացուցիչ ռիսկեր է պարունակում։ «Եթե Ռուսաստանի տնտեսությունը արտաքին շոկերի նկատմամբ ավելի կայուն գտնվի, ապա Հայաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղումն աննշան կլինի»,– նշված է զեկույցում։

Ընդ որում, անկախ զարգացման սցենարներից ու եղանակային գործոնից, գյուղատնտեսությունում պետք է սպասել աճի տեմպի դանդաղում։

Տնտեսական աճի տեմպի աստիճանական դանդաղումն ու արտահանման գների նվազումը կանդրադառնա արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի վրա, արտահանումից ստացվող և բյուջետային եկամուտների վրա, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության վրա, նշում են բանկի փորձագետները։ Ընթացիկ հաշվեկշռի պակասուրդի ավելացումը թեև սահմանափակ կլինի, սակայն կարող է դրամի արժեզրկման ռիսկեր ստեղծել։

Մեկնաբանել