Չի թռչում ու սնանկ էլ չէ

«Արմավիա» ավիափոխադրողը մարտի 29-ին հայտարարեց, որ ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները և սկսում սնանկացման գործընթաց։ Թռիչքներն արդեն դադարել են, իսկ գործընթացը դեռ չի սկսվել։

Սնանկացման գործընթացի ընթացակարգերը հստակ սահմանված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով։ Այն պահանջում է, որ նախ պարտապանը, տվյալ դեպքում՝ «Արմավիան», սեփական սնանկությունը ճանաչելու նպատակով դիմի դատարան։ Բայց որպեսզի ընկերությունը կարողանա դիմել դատարան, պետք է լինի անվճարունակ, կամ էլ պարտավորությունները նվազագույն աշխատավարձի (նվազագույն աշխատավարձ սահմանված է ֌1000 – խմբ.) հազարապատիկի և ավելի չափով գերազանցեն ակտիվների արժեքը։

Համաձայն «Սնանկության մասին» օրենքի՝ դատարան դիմելու ժամանակ «Արմավիան» պետք է ներկայացնի նաև սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող գույքի ցանկը, կապիտալ և ֆինանսական ներդրումների տվյալները, վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները, հիմնական և շրջանառու միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, բացի այդ՝ պարտատերերի ցուցակը, առանձին պարտավորությունների բնույթի և չափի մասին տեղեկատվություն։

Պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելուց հետո դատավորը նշանակելու է սնանկության ժամանակավոր կառավարիչ, որը կարող է նշանակվել պետական լիազոր մարմնի կողմից կառավարության սահմանված կարգով։ Դատարանի կողմից սնանկ ճանաչելու դիմումը ընդունելու պահից ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն առերևույթ անվճարունակ է: Բայց եթե ընկերության անվճարունակությունը վիճելի լինի, ապա դատավորը դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ տասը օրվա ընթացքում, պետք է նշանակի դատական նիստ՝ հրավիրելով պարտապանին և դիմումում նշված պարտատերերին։

Սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը պետք է կազմակերպի գույքագրում, միջոցներ ձեռնարկի պարտապանին պատկանող գույքի պահպանության համար, վերլուծի ընկերության ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում։ Բացի այդ՝ նա պետք է վարի ընկերության պահանջների գրանցամատյանը, ստանա պարտապանին ներկայացվող պահանջների հիմնավորվածությունը։
Պարզ ասած՝ դատարանի որոշումից հետո ժամանակավոր կառավարչի վրա է դրվելու «Արմավիայի» պարտատերերի հետ խնդիրների կարգավորումը։

Սնանկացման գործընթացը, ըստ էության, բավական երկարատև է, և դժվար է հասկանալ, թե որքանով կբավարարվեն ավիաընկերության բոլոր պարտատերերի պահանջները։

«Արմավիան» պարտքեր է կուտակել ինչպես երկրի ներսում, այդպես էլ նրա սահմաններից դուրս։ Տարբեր գնահատականներով՝ ավիափոխադրողի պարտավորությունները գերազանցում են $50 մլն-ը։ Ըստ ռուսական աղբյուրների՝ միայն ռուսական բանկերին, Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանին և Ռուսաստանի ավիացիոն տրանսպորտի դաշնային գործակալությանը («Ռոսավիացիա») «Արմավիայի» պարտքը կազմում է մոտ $25 մլն։ Հայաստանում «Արմավիայի» պարտքը բանկերին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին, պետբյուջեին (օդի տուրքի գծով) և աշխատակիցներին գերազանցում է $30 մլն-ը։

Միայն հայկական բանկերին «Արմավիայի» պարտքը կազմում է $20 մլն. ապահովվա՞ծ են այդ միջոցները ակտիվներով, թե՞ ոչ՝ պարզ չէ։
ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ բանկերի կողմից տրամադրված վարկերի մի մասն ապահովված է «Արմիավիայի» ինքնաթիռներով, մյուս մասը՝ ավիաընկերության սեփականատեր Միխայլ Բաղդասարովի այլ բիզնեսների ակտիվներով, հետևաբար բանկերն ավիափոխադրողի սնանկացումից չեն տուժի։

Օբյեկտիվ սնանկացո՞ւմ, թե…
«Արմավիայի» սնանկացման գործընթացում, այդուհանդերձ, հնարավոր են կանխամտածված քայլեր։ Ավիաընկերության պարտքային խնդիրները սկսել են դեռ 2011թ. գարնանը և հաջորդող երկու տարիներին խրոնիկ խորացել։ «Սնանկության մասին» օրենքը սահմանում է՝ եթե ընկերությունը հայտնաբերում է, որ պարտքի չափը ակտիվները գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, ապա սնանկ ճանաչելու դիմումը պետք է դատարան ներկայացնի ոչ ուշ, քան համապատասխան հիմքերի հայտնաբերումից հետո երկամսյա ժամկետում։

Թե իրականում որքանով է «Արմավիան» պահպանել օրենքի տառը, պարզ չէ. ընկերության ֆինանսական հաշվետվություններն անհասանելի են։

Ուշագրավ է, որ 2012թ. մարտին, երբ հերթական անգամ սրացել էր պարտքային խնդիրը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ, «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարում էր, որ կա՛մ «Զվարթնոցը» սակագները կիջեցնի 25%-ով, կա՛մ իրենք կդադարեցնեն չվերթները և կսկսեն սնանկության գործընթաց։

Բաղդասարովի այս հայտարարությունը, ինչպես նաև 2012թ. ընթացքում ավիաընկերության չվերթների սպասարկման ժամանակավոր դադարեցումները ցույց են տալիս, որ ընկերությունը դե ֆակտո անվճարունակ է եղել անցած տարի՝ այդ ընթացքում ստեղծելով «պարտքային կարուսել»։ Ի դեպ՝ կանխամտածված սնանկություն համար Քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով։

«Արմավիայի» ֆինանսական վիճակի մասին տեղեկացված պետք է լիներ ֆինանսների նախարարությունը, ԿԲ-ն և Պետեկամուտների կոմիտեն։ Այսպես՝ «Արմավիան» Կենտրոնական բանկի կողմից դեռ 2010թ. օգոստոսին ստացել է Գ+ վարկանիշ, որը երբևէ չի վերանայվել և վերահաստատվել է 2012թ. նոյեմբերի սկզբին, այն դեպքում երբ ավիաընկերությունը թե՛ 2011թ., թե՛ 2012թ. բազում անգամ պարտքային խնդիրներ է ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, ռուսական «Ռոսավիացիայի» հետ։

ԿԲ կանոնակարգերի համաձայն՝ վարկանիշ շնորհվում և վերանայվում է հիմք ընդունելով ընկերության ֆինանսական վիճակը, տարեկան և կիսամյակային ֆինանսական հաշվետվությունները։ 2010թ. օգոստոսից «Արմավիայի» վարկանիշի անփոփոխ թողնելը անհասկանալի է նաև այնքանով, որքանով ընկերությունը 2010-2011 թթ. շահույթ չի ունեցել։

«Արմավիայի» նկատմամբ ԿԲ լոյալությունը ամենայն հավանականությամբ պայմանավորված է եղել նրանով, որ ֆինանսական խնդիրների առաջ կանգնած ընկերությունը լուրջ վարկային պարտավորություններ է ունեցել (այժմ էլ ունի) բանկային համակարգին։ Մյուս կողմից՝ ԿԲ-ին «վատ դրության մեջ չգցելու համար» անցած նոյեմբերի 30-ին «Արմավիան» որոշել է հրաժարվել վարկանիշից։

Ունկնդիր լինել Քաղավիացիայի վարչությանը
Ապրիլի 1-ից չվերթները դադարեցնելու «Արմավիայի» որոշումն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ ապրիլի 22-ին ավարտվում է Հայաստանի կառավարության, «Սիբիր ավիաուղիներ» և «Արմավիա» ընկերությունների միջև 2003թ. մարտի 14-ին ստորագրած տասնամյա պայմանագրի ժամկետը, որով «Արմավիային» որոշ ավիաուղղություններով ուղևորափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք էր վերապահվում։

Հատկանշական է նաև, որ «Արմավիան» սնանկացման գործընթաց սկսելու մասին հայտարարությունը տարածեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանի մարտի 28-ին արված հայտարարությունից հետո, երբ վերջինս չբացառեց «Արմավիայի» սնանկացման հնարավորությունը, ինչպես նաև ակնարկեց, որ ընկերության ֆինանսական վիճակն այնպիսին չէ, որ կառավարությունը երկարաձգի նրա հետ կնքված պայմանագիրը։

Մեկնաբանել