Վրաց եկեղեցին Աջարիայում նոր մզկիթի կառուցումը թույլ կտա մեկ պայմանով

Ներկայում Աջարիայում կա 150 մզկիթ և երկու անգամ ավելի շատ մեդրեսե (իսլամական դպրոց): Մինչդեռ ուղղափառ եկեղեցիների թիվը չի գերազանցում 40-ը, հաղորդում է վրացական «Նոր սերունդ» թերթը:

Ըստ պարբերականի ՝ նման պայմաններում Վրաստանի պատրիարքությունը չի ողջունում Բաթումիում նոր մզկիթի կառուցումը:
Մարտի 30-ին Համայն վրաց պատրիարք Իլյա 2-րդը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Բաթումիում հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Բաթումիում նոր մզկիթի կառուցմանն իր օրհնությունը կտա միայն այն դեպքում, եթե թուրքական կողմը Թուրքիայի տարածքում գտնվող վրացական եկեղեցիներում ուղղափառ ժամերգության վերականգնման թուլտվություն տա:

Ըստ Վրաստանի պատրիարքարանի արտաքին քաղաքականության բաժնի՝ հայկական, հունական, կաթոլիկ, հրեական վանքերը և համայնքները Թուրքիայում գոյություն ունեն և գործում են պաշտոնապես, իսկ վրացական համայնքը Թուրքիայում պաշտոնապես գրանցված չէ և ի տարբերություն վերոնշյալների ՝ իրավական կարգավիճակ չունի:

2011թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 1936թ. ազգային փոքրամասնություններից վերցված բոլոր շինությունները պետք է վերադարձվեն համայնքներին: Վրացական եկեղեցիներին և վանական համալիրներին այս հրամանագիրը չի վերաբերել: Թուրքական կողմը դա մեկնաբանել է հանգամանքով, որ 1933թ. գրանցման ընթացքում Թուրքիայում վրացական պատականելիության հողատարածքներ, շինություւններ որպես այդպիսին չեն եղել, և վրացական համայանքը գրանցված չի եղել: Հետևապես՝ վանքերը և համալիրները, որոնք այժմ ներկայացվում են որպես վրացական այդ ժամանակ չեն գրանցվել որպես Վրաստանի պատրիարքարանին պատկանող:

Ներկայում Թուրքիայում վրացիների թիվը ավելի մեծ է, ստեղծվել է համայնք: Վրացական եկեղեցիները համայնքին հանձնելու իրավական գործըթնացը, ըստ Վրաստանի պատրիարքարանի՝ բավական երկարատև է:

Թուրքիայում բնակվող վրացիները հաճախում են հունական եկեղեցիներ, և վրացի հոգևորականները նրանց այցելում են միայն տոներին և շատ դեպքերում, ըստ թերթի, խնդիրների են առերեսվում :