Տոկիոյում վերաբացվել է հանրահայտ Կաբուկի թատրոնը

Երեք տարի տևած վերանորոգումից հետո Տոկիոյի կենտրոնում թմբուկների ուղեկցությամբ վերաբացվել է Կաբուկի ճապոնական ազգային թատրոնը:

Չնայած հորդառատ անձրևին՝ հանդիսատեսի հետ հանդիպման արարողությանը թատերախմբի լավագույն դերասանները հանդես են եկել բարդ պարային համարով, որը բեմադրվել է միջնադարյան կանոններով:

Ապրիլի 2-ի առավոտյան Կաբուկիում սկսվել է առաջին ներկայացումը՝ նվիրված թատրոնի բացմանը: Նման հատուկ ներկայացումները Կաբուկիում կանցնեն ամբողջ տարվա ընթացքում:

Ազգային ոճ կրող Կաբուկիի շենքը կառուցվել է 1889թ. և մշտապես գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը: 2010թ. թատրոնը փակվել է վերակառուցման և վերանորոգման համար. սա շենքի հինգերորդ վերանորոգումն էր: 1923թ. թատրոնը մեծապես տուժել է ավերիչ երկրաշարժից, իսկ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ ամերիկյան ռմբակոծություններից:

Վերջին վերանորոգման արդյունքում Կաբուկիի արտաքին տեսքն ու ինտերիերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվել, այժմ այն հագեցած է արդի բեմական տեխնիկայով և հարմարեցված է հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժի համար:

Թատրոնի դահլիճն ունի 1900 տեղ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հեղուկ բյուրեղային էկրանը, որով մեկնաբանություններ են տրվում ժամանակակից հանդիսատեսի համար հաճախ բարդ բովանդակություն ունեցող հին պիեսների ժամանակ: Թատրոնին կից կառուցված է 29-հարկանի գրասենյակային շենքը:

Կաբուկի արվեստը ձևավորվել է մոտ 410 տարի առաջ: Թատրոնը հայտնի է բարդ բազմաշերտ շպարով, կեղծամներով, յուրօրինակ հանդերձանքով և պարերով, որոնք միջնադարյան ոճով կատարում են միայն տղամարդիկ: Կաբուկիի համար պիեսներ են գրել լավագույն դրամատուրգները, օրինակ՝ Մոնձաեմոն Տիկամացուն (1653-1724թթ.), որն ունի «ճապոնացի Շեքսպիրի» հռչակ:

Մեկնաբանել