Google-ի անվտանգության և տեխնիկական հարցերով տնօրենը լքում է ընկերությունը

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության անվտանգության և տեխնիկական հարցերով տնօրեն Ալմա Ուիթենը լքում է ընկերությունը, հաղորդում է Forbes-ը:

2010թ. Buzz և Street View ծառայությունների անձնական տվյալների շուրջ ծագած վեճից հետո Ուիթենը դարձավ ընկերության անվտանգության հարցերով առաջին տնօրենը և պատասխանատու էր այն բանի համար, որ Google-ի արտադրանքը համապատասխաներ անվտանգության բոլոր պահանջներին:

Հիշեցնենք, որ 2013թ. մարտին Google-ն ԱՄՆ իշխանությունների հետ $7 մլն տուգանքի վճարման պայմանավորվածություն էր ձեռք բերել, որը կապված էր Street View քարտեզագրական ծառայության համար անօրինական ճանապարհով օգտատերերի անձնական տվյալների ձեռքբերման հետ:

Ավելի վաղ` 2012թ. նոյեմբերին` ընկերությունը ևս $22,5 մլն-ի պայմանագիր էր կնքել ԱՄՆ իշխանությունների հետ` Apple Safari-ի օգտատերերի կողմից դիտված կայքերի մասին տեղեկությունների անօրինական հավաքագրման կապակցությամբ:

Forbes-ը նշում է, որ Ուիթենն ընկերությունում կանցկացնի ևս մի քանի ամիս, իսկ նրան կփոխարինի Google-ի ծրագրային մշակման առաջատար մասնագետ Լոուրենս Յունը:

Մեկնաբանել