Ազնավուրը շատ էլ բարեխիղճ դիվանագետ է

Ազնավուրը, փաստացի, որպես պետության ղեկավարի կողմից նշանակված բարձրաստիճան դիվանագետ, երկրորդում է նրան և որևէ կերպ չի շեղվում պաշտոնական քաղաքականությունից:

Շվեյցարական ֆրանսալեզու RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի արած հայտարարությունը, որ նա «թքած ունի «ցեղասպանություն» բառի վրա, քանի որ իր համար առավել մեծ կարևորություն ունի պատմական փաստերի ճանաչումը», տարաբնույթ մեկնաբանությունների ու քննադատությունների տեղիք է տվել հայկական տարբեր շրջանակներում:

Օրինակ՝ Շվեյցարիայի հայ համայնքի ամենաակտիվ գործիչներից մեկը` Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե բարձր դիվանագիտական պաշտոն զբաղեցնող շանսոնյեի հայտարարությունները «իրական ծաղր են» միջազգային ասպարեզում պաշտոնական Երևանի գործադրած ջանքերի հանդեպ:

Ազնավուրն իհարկե անգնահատելի վաստակ ունի Հայաստանի և միջազգային ասպարեզում հայկական հարցերի առաջխաղացման գործում: Թերևս հենց դրանով էր պայմանավորված նրան դեսպան նշանակելը՝ չնայած դիվանագիտական փորձի բացակայությանը: Նրա կողմից արվող մեղմ ասած «ոչ դիվանագիտական» արտահայտությունները ևս առանձին քննարկման առարկա են:

Սակայն Ցեղասպանության հետ կապված մեծ երգչի վերջին հայտարարությունը, չնայած ոչ դիվանագիտական ձևակերպմանը, որևէ կերպ չի հակասում պետության պաշտոնական քաղաքականությանը:

Ազնավուրն ընդամենը կրկնում է իր ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:

Այս տարվա փետրվարի 5-ին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ՀՀ գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին և գնահատելով ԱՄՆ-ի վերաբերմունքը, ասել էր. ««Ցեղասպանություն» և «եղեռն» բառերը նույնն են, և անգամ «ցեղասպանություն» բառը չարտասանելով էլ ԱՄՆ-ի նախագահն ասել է ամեն ինչ»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը փաստացի ասել էր այն, ինչ ասել է Շառլ Ազնավուրը: Տարբերությունը միայն ձևակերպումների կոշտությունն է: Նրանք երկուսն էլ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել այդ երկու բառեզրերի իրավական նշանակությունը և հետևանքները:

Ազնավուրը, փաստորեն, որպես պետության ղեկավարի կողմից նշանակված բարձրաստիճան դիվանագետ՝ բառացիորեն երկրորդում է նրան և որևէ կերպ չի շեղվում պաշտոնական քաղաքականությունից:

Եվ բոլորովին էլ կարիք չկա Ազնավուրին մեղադրել դիվանագետի իր պարտականությունները ճիշտ չկատարելու մեջ: