Լեդի Դին ու Ֆրեդի Մերկուրին այցելում էին գեյ ակումբներ. Sun

1980-ականների վերջին Բրիտանիայի արքայադուստր Դիանան, հագնելով տղամարդու հագուստ, Queen ռոք խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի ուղեկցությամբ հաճախում էր գեյ ակումբներ: Բրիտանական լրատվամիջոցներում հայտնված այս խորագրերն ապրիլմեկյան կատակ են հիշեցնում: Նման հոդված, մասնավորապես, հրապարակել է բրիտանական Sun պարբերականը:

Այդուհանդերձ, քիչ հավանական է, որ բրիտանացիները կատակեին արքայադստեր անվան հետ, մանավանդ՝ հանգուցյալ: Լրագրողները հղում են անում բրիտանացի դերասանուհի Կլեո Ռոկոսի գրքին: Վերջինս հիշում է, որ տղամարդու հագուստով լեդի Դիին դժվար էր տարբերել երիտասարդից, և նրան դուր էր գալիս այդ կերպարանափոխությունը: Բացի այդ, ինչպես գրել է Ռոկոսը, Դիանային դուր էր գալիս, որ ակումբում նրան ոչ ոք չէր ճանաչում:

Ուելսի արքայազն Չարլզի առաջին կինը հագնում էր զինվորական հանդերձանք և դնում «օդաչուի» ակնոց: Այս կերպարը ստեղծել էին Ֆրեդի Մերկուրին և հաղորդավար Քենի Էվերետը: Նրանք երեքով, Ռոկոսի ուղեկցությամբ, որն այն ժամանակ նկարահանվում էր Էվերետի շոուում, մի անգամ այցելել են Royal Vauxhall Tavern լոնդոնյան գեյ ակումբ:

«Երբ այնտեղ մտանք, մտածեցի, որ մեզ կբացահայտեն, – գրել է Ռոկոսն իր գրքում: – Սակայն Դիանային, կարծես, ոչ ոք չէր նկատում: Թվում էր՝ նա խառնվել է ամբոխի հետ, և դա դուր էր գալիս նրան»: Դերասանուհու խոսքով՝ Դիանան ուներ գեղեցիկ երիտասարդի տեսք:

Իսկ հանդիպման նախապատմությունն այսպիսին է: Լեդի Դին երգիծաբան Էվերետի երկրպագուն էր: Ակումբ այցելելու նախօրեին նա հանդիպել է Ռոկոսին ու Էվերետին: Վերջինս երեկոյան պետք է հանդիպեր Մերկուրիին: Երբ բոլորը հավաքվել են, Դիանան հետաքրքրվել է, թե ինչ են մտադիր անել երեկոյան և տեղեկացել, որ Քենին և Ֆրեդին գնալու են գեյ ակումբ:

«Դա քեզ համար չէ: Այնտեղ բազմաթիվ մազոտ միասեռականներ կան», – ասել է Քենին Դիանային: Սակայն արքայադուստրը վճռական էր և տրամադրված էր արկածախնդրության:

«Դե լավ, թող աղջիկը զվարճանա», – ասել է Մերկուրին:

Դիանան ի վերջո հագել է տղամարդու կոստյում, 20 րոպեից ընկերներն արդեն գեյ ակումբում էին: Հաջորդ օրը Դիանան, հագուստը վերադարձնելով Էվերետին, ասել է, որ կարելի է կրկնել «զբոսանքը»: Այս ամենն, ըստ Ռոկոսի, տեղի է ունեցել 1988թ., երբ Չարլզի և Դիանայի հարաբերությունները ճգնաժամ էին ապրում:

1991թ. 45 տարեկանում ՁԻԱՀ-ից մահացել է Ֆրեդի Մերկուրին: Քենի Էվերետը վախճանվել է 1995թ. ՁԻԱՀ-ի ֆոնին առաջացած հիվանդություններից. նա 50 տարեկան էր: 36-ամյա արքայադուստր Դիանան 1997թ. զոհվել է ավտովթարում:

Sun թերթի լրագրողների կարծիքով՝ Ուելսի արքայադստեր նման վարքագիծն ամենևին պարսավելի չէ, այլ վկայում է նրա առաջադիմության մասին: Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչներից որևէ մեկը երբեք բացահայտ չի խոսել միասեռականների մասին, նույնիսկ այդ բառը չի արտասանել: Մինչդեռ Դիանան առաջ էր անցել իր ժամանակից: «Նա նվաճել էր անխտիր բոլորի սրտերն ու մտքերը, – գրել է Gay Star News-ի խմբագիր Թրիս Ռեյ Սմիթը: – Կարծում եմ՝ Քեյթն էլ կարող է նմանատիպ մի բան անել»: