Երևանում կապիտալ կվերանորոգվի և կասֆալտապատվի 30 փողոց

Երևանի քաղաքապետարանում այսօր` ապրիլի 2-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում ասֆալտապատում իրականացրած կազմակերպությունների միջոցներով ավարտել 2012թ. կապիտալ շինարարության ծրագրով կատարված աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացմանն ուղղված աշխատանքները: Այս մասին հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«2013թ. ծրագրերով մայրաքաղաքում իրականացվելու են 2,5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ, այդ թվում` շուրջ 300 փողոցի ընթացիկ և 30 փողոցի կապիտալ վերանորոգում և ասֆալտապատում»,- ասել է քաղաքապետը` հավելելով, որ այդ ամենի շահագործողն ու աշխատանքների գնահատողը քաղաքացիներն են, ուստի պետք է բացառել անորակ աշխատանքը: