Մեր դեմ խաղ չկա. Րաֆֆի Հովհաննիսյանը` Գյումրիում

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպումների շրջանակում այսօր՝ ապրիլի 2-ին, այցելեց նաև Գյումրի:

«Մենք ապրում ենք մեր կյանքի ամենապատասխանատու մեկ շաբաթը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այժմ խոսքից գործին անցնելու ժամանակն է, ինչը ոչ միայն իր պարտականությունն է, այլև բոլորինը:

Հովհաննիսյանն ասաց, որ ով ապրիլի 9-ին կանգնի ժողովրդի դեմ՝ պատասխան է տալու հայ ժողովրդի դատարանի առջև: «Միացե՛ք ազգային միասնությանը, որովհետև մեր դեմ խաղ չկա»,- ասաց նա` վստահեցնելով, որ ինքը պայքարելու է մինչև բոլորի երազանքի իրականացումը:

«Այս վերջին երեք շաբաթները մի փոքր ձեզ նման հաց չուտելով` ես հասկացա, թե մեր ժողովրդի կեսը ինչպես է ապրում իր երկրում»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քանի ինքը ողջ է, իր մի կաթիլ զոհողությունն է դնելու սեղանի վրա:

«Ժառանգության» ղեկավարը խոսեց նաև Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մասին և մեկ անգամ էլ նշեց, որ պահանջում է միջադեպի շուտափույթ բացահայտում: «Բարևի հեղափոխության նվիրյալները երբեք ձեռք չեն բարձրացնելու հայ քաղաքացու վրա»,- ասաց նա: