Sothbey’s-ը կվաճառի Ռիխտերի ստեղծագործություններից մեկը

Մայիսի 14-ին Sotheby’s-ն իր ժամանակակից արվեստի վաճառքի շրջանակում աճուրդի կդնի գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի «Միլանի տաճարի առջևի հրապարակը» կտավը (1968թ.), հաղորդում է ArtDaily կայքը: 30-40 մլն դոլար գնահատվող աշխատանքը կլինի երեկոյի գլխավոր լոտերից մեկը:

Ֆոտոռեալիզմի ժանրում արված կտավը ստեղծվել է Siemens Elettra ընկերության պատվերով՝ Միլանի գրասենյակի համար: Նկարը ստեղծման պահին դարձել է Ռիխտերի ֆիգուրատիվ արվեստի խոշորագույն նմուշը՝ 2,7 x 2,7 մ:

1960-70-ականներին Ռիխտերն արարել է գեղանկարչության և լուսանկարչության սահմանագծին, «Միլանի տաճարի առջևի հրապարակը» գերմանացի նկարչի այդ շրջանի ստեղծագործություն է:

Կտավը 30 տարի կախված է եղել ընկերության գրասենյակում, որից հետո 1998թ. վաճառքի դրվել Sotheby’s-ում, որտեղ այն գնել է Պրիտցկեր ընտանիքը: Այդ պահին Պրիտցկերներն աշխատանքի համար վճարել են 3,8 մլն դոլար, ինչը ռեկորդային գին էր Ռիխտերի աշխատանքների համար:

Hyatt հյուրանոցային ցանցի սեփականատեր Պրիտցկերների որոշմամբ՝ նկարը 10 տարի կախվել է Չիկագոյի Park Hyatt Hotel հյուրանոցում:

81-ամյա Գերհարդ Ռիխտերը գերմանացի դեռևս ստեղծագործող ամենաթանկ նկարիչն է: 2012թ. հոկտեմբերին Sotheby’s-ում սահմանվել է նրա ստեղծագործությունների ռեկորդ. «Աբստրակտ գեղանկարչություն» կտավը վաճառվել է 34,2 մլն դոլարով: Նկարիչը բազմիցս ասել է, որ ժամանակակից արվեստի գործերի գներն աբսուրդ են:

Մայիսի 14-ին Sotheby’s-ի աճուրդում կվաճառվի նաև ամերիկացի նկարիչ Ջեքսոն Պոլոքի «Կապույտ անգիտակցականը», որը գնահատվում է 20-30 մլն դոլար:

Մեկնաբանել