Արևմտահայերենը Թուրքիայում վերացման եզրին է. ՄԱԿ

ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովը կազմել է աշխարհում վերացման վտանգի տակ գտնվող լեզուների ատլասը: Ըստ այդմ` աշխարհում գոյություն ունի ավելի քան 2,5 հազ. լեզու, որոնք վերացման վտանգի տակ են կամ արդեն իսկ վերացել են:

Թուրքիայում կա 18 վերացող լեզու: Ըստ ՄԱԿ-ի` Թուրքիայում վերացման վտանգի տակ է նաև արևմտահայերենը: Նշվում է, որ արևմտահայերենով խոսում են Ստամբուլում և Հաթայի Վաքըֆլը գյուղում: Ընդ որում` արևմտահայերենը, որով խոսում է 50 հազ. մարդ, գտնվում է վերացման խիստ վտանգի տակ: Վերացող լեզուների թվում է նաև համշենի բարբառը, որը ներկայացաված է որպես առանձին լեզու:

Մյուս վերացող լեզուներն են աբխազերենը, աբասերենը, ադըղերենը, կաբարդիներենը, Կապադովկիայի հունարենը, գագավուզերենը, լազերենը, Պոնտոս հունարենի բարբառը, ռումիներենը, սուրեթը` (ասուրերեն, նոր արամերեն), զազաերենը, ուբըխերենը և այլն: Թուրքիայում ուբըխերենով խոսող վերջին մարդը, օրինակ, արդեն մահացել է: